Ի՞նչն է խանգարում ազգային պետություն կառուցելուն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է պետական շինարարության փորձագետ Աղասի Մանուկյանը, որի հետ անդրադարձ կատարեցինք նորանկախ հանրապետության ձևավորման ժամանակաշրջանում ապազգային շարժման մեկնարկին, ազգային արժեհամակարգի դեմ մարտահրավերներին։ Ազգային արժեհամակարգի և ազգային պետականության դեմ մարտահրավերները նոր չեն, որ առաջացան: Դեռևս 1990-ականներին, երբ հայոց պետականությունը նոր էր վերականգնվել, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պարարտ հող ստեղծեց դրանց համար, և նրա հայտարարություններից դատելով՝ վստահորեն կարելի է ասել, որ ինքն էլ գլոբալիզմի առաքյալներից մեկն էր։

Խոսեցինք նաև կեղծ ժողովրդավարությունից, ժողովրդի դերակատարությունից հեղափոխությունների, փոփոխությունների ժամանակ, արդյո՞ք ժողովուրդն է գլխավոր դերակատարը՝ իշխանությունների ընտրելու և պետության գործընթացների ժամանակ։ Աղասի Մանուկյանի դիտարկմամբ՝ ժողովրդավարությամբ ժողովրդին ստրկացնում են՝ առանց նրան բացատրեկու, թե որն է ժողովրդավարության գաղափարը։ Իրականում ժողովրդավարությունն այն է, երբ իշխանությունը ծառայում է այդ ժողովրդին և պետության լծակները ժողովրդի ձեռքում են, իսկ իշխանությունները միայն կատարող են։

Ըստ նրա՝  ժողովրդի շահերը չի ներկայացնում նաև ընդդիմությունը, քանի որ նրա միակ ձգտումը իշխանությունն է։

Հաղորդման հյուրը ներկայացրեց, որ նոր Սահմանադրությունը գրվում է առանց ժողովրդի մասնակցության, մինչդեռ Սահմանադրությունը պետության հիմքն ու շինանյութն է։ Ուստի պետք է ձևավորվի Սահմանադրության հանձնախումբ՝ հասարակության վստահելի փորձագետների ներգրավմամբ, որոնք էլ կգրեն մայր օրենքը, իսկ իշխանությունը կամ իշխանամերձ շրջանակները որևէ ձևով չպետք է առնչվեն այդ գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում