Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները

Արևելյան Միջերկրականում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը:

Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Միցոտակիսը սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների դեմ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը:

«Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը չեն նպաստում Արևելյան Միջերկրականում բոլորի ձգտած երկխոսության համար հող ստեղծելուն»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով ավելի են սրվել հույնթուրքական հարաբերությունները:

Աղբյուրը՝ Ermenihaber.am