Ռ․ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 15-ը․ Ա․Վարդևանյան

Քանի որ դռնփակ ռեժիմում քննարկվածը ենթակա չէ հրապարակման, դրա վերաբերյալ մանրամասներ չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ բավականաչափ ծավալուն քննություն կատարվեց, ամեն դեպքում դատարանը որոշ հավելյալ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ փաստաթղթեր են ներկայացվել: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության դռնփակ ռեժիմով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության համար նիստը հետաձգվել է և կկայանա առաջիկա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 13:00-ին:

Փաստաբանը վերահաստատեց իր միտքը, թե այս դատական նիստերի մասով չի կարող լինել տուժող. «Կա՛մ պետք է լինի ՀՀ Սահմանադրությունը՝ որպես փաստաթուղթ, կա՛մ 3 մլն բնակչությունը: Երկուսն էլ աբսուրդ են»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է մեղադրող դատախազների՝ պաշտոնների բարձրացմանը, ու այն քննարկումներին, թե պաշտոնների բարձրացումը կապված է այս գործի հետ, Վարդևանյանը նշեց, թե նրանք փորձառու դատախազներ են, ինչը դրականի մասին է խոսում:

«Բայց նաև բացասականի մասին է խոսում այն, թե ինչ գործողություններ են ձեռնարկել այս վերջին երկու տարվա ընթացքում: Միայն մեկը կնշեմ, թե ինչպես էին իրենք պայքարում ՍԴ որոշման դեմ: Սահմանադրական կարգը տապալելու ենթադրյալ քրեական գործի մասով մենք փաստ ունենք, որ մի տարի է, ինչ տապալվել է ՍԴ՝ անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: 2018-2019 թթ. էլ բոլոր այն անձինք, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործին, նույնիսկ՝ քննիչները, պարգևների էին արժանացել ԱԺ նախագահի, հանրապետության նախագահի կողմից: