Ամուլսարում թուրքական հետքը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են Համահայկական ազգային համաձայնություն շարժման հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Կոշկակարյանը և ճարտարապետ, նկարիչ, «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Ստեփանյանը։ Նրանք անդրադարձան Ամուլսարում ստեղծված վիճակին՝ նշելով, որ այսօրվա դրությամբ Ջերմուկում վիճակը հանդարտվել է, և կարելի է փոքր հաղթանակ գրանցել, քանի որ Ամուլսարի պահապաններին հնարավոր եղավ Լիդիանի տնակները դուրս բերել իրենց չպատկանող տարածքից։

Աշոտ Կոշկակարյանն ասաց, որ Լիդիան ընկերության բաժնետերերը պարբերաբար փոխվում են, քանի որ արժեթղթերի շուկայում ընկերության արժեթղթերը շատ հաճախ են վաճառվում՝ Ամուլսարում առկա իրավիճակներով պայմանավորված, և այդ առքուվաճառքի միջոցով Լիդիանն արդեն կարողացել է մեծ գումարներ վաստակել, ավելին, քան ներդրել է մինչև օրս ամուլսարում հանքարդյունաբերական գործարան կառուցելու համար։ Թեև ընկերությունը կեղծ թվեր է ներկայացնում։ Իսկ վերջերս փաստաթղթեր շրջանառվեցին, որոնք համաձայն Լիդիանի արժեթղթերի մի մասը հայտնվել է թուրքական և ադրբեջանական ազգանուններ ունեցողների ձեռքում։ Աշոտ Կոշկակարյանի կարծիքով սա թուրքերի հերթական խաղաղ ներխուժման ապացույցն է Հայաստանի սահմաններից դուրս՝ այստեղ Հայաստանի, հայ ժողովրդի շահերին հակասող և երկիրը ներսից քայքայող գործունեություն իրականացնելու համար։

Հյուրերն անդրադարձան ամուլսարցիների ու ջերմուկցիների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե իբրև նրանք տարբեր կառույցների, պետությունների շահեր են ներկայացնում, և նրանց պայքարն իրականում կեղծ է։ Ասացին նաև, որ իրենց շարքեր են ներմուծվել սորոսական սադրիչներ, որոնք բախումներ են հրահրում և մնում անպատիժ, մինչդեռ նրանց փոխարեն պատիժ են կրում անմեղները՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվելով։ Դա, ըստ հաղորդման հյուրերի՝ արվում է ամբողջ շարժումը հեղինակազրկելու, պիտակավորելու համար։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սատարում հանքը շահագործողներին, այն դեպքում, երբ իրենց իշխանությունը ի սկզբանե հայտարարել էր, թե նպատակ ունեն ոչ հանքարդյունաբերական տնտեսությանը զարկ տալ՝ աստիճանաբար հրաժարվելով տնտեսական նախկին մոդելից։ Մինչդեռ այսօր նա տնտեսական հեղափոխության կարևոր քայլերից է համարում Ամուլսարի շահագործումը։ Նրանց ներկայացմամբ՝ Ամուլսարի հարցում ևս լուրջ ճնշումներ կան մեր իշխանությունների վրա, և նրանք անկեղծ չեն ժողովրդի հետ երկխոսելիս։

Մանրամասները՝ տեսանյութում