Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը հերքել է ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար ուկրաինացիներին հավաքագրելու մասին տեղեկությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը։ Ուկրաինայում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ՝ Բոդնարը շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյրանյանին՝ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չտրվելու հորդոր պարունակող ուղերձի համար: Նա հավելել է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ խաղաղորեն ապրում են Ուկրաինայում և «այսօր խիստ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը և կանխել հայկական ու ադրբեջանական համայնքների միջև առճակատումը»: Դեսպանը հաղորդել է զրուցակցին, որ լարվածության հենց սկզբից Ուկրաինայի հայ համայնքը զսպվածություն է դրսևորել, ՈՒՀՄ նախագահը և Ուկրաինայում ՀԱԵ հոգևոր առաջնորդը համապատասխան ուղերձներով դիմել են հայրենակիցներին: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր, ինչպես նաև պայմանավորվել ջանքեր գործադրել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախապատրաստելու ուղղությամբ։ Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքեց վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ների կողմից տիրաժավորվող տեղեկությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: