Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ սահմանային լարվածությանը և նշեց, որ գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Տավուշի մարզի սահմանապահ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով:

«Դիրքը գտնվում է Մովսես ու Այգեպար գյուղերի ուղղությամբ։ Հայոց բանակի դիրքապահները կանխել են ներթափանցման փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով՝ տալով զոհեր ու վիրավորներ, կորցնելով տեխնիկա»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ժամը 05։20-ին Ադրբեջանը սկսել է հրետակոծել Այգեպար ու Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ ու D-30 հաուբից։

Վարչապետը պարզաբանեց, որ գրոհներ են ձեռնարկվել նաև «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները հետ են մղել ու իրավիճակը լիակատար վերահսկողության տակ առել: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել վերջին օրերին հասցված վնասներն ու տալ գնահատական։