Հունաստանում զբոսաշրջիկների հոսքի պատճառով կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ է գրանցվել

Հունաստանը երկրի մի քանի շրջաններում կարող է կրկին ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել, քանի որ երկրում աճում են զբոսաշրջության վերականգնումից հետո կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացման մտավախությունները: Այս մասին տեղեկացնում է express.co.uk  կայքը:

Ներկայում երկրում կորոնավիրուսով վարակման ավելի շատ ակտիվ դեպքեր են գրանցվել, քան համավարակի ընթացքում ցանկացած ժամանակ:

Իշխանությունները նախազգուշացրել են, որ սահմանափակող միջոցները կարող են վերանայվել, եթե իրավիճակը վատթարանա, քանի որ զբոսաշրջիկներն անսպասելի բռնկման պատճառներից մեկն են:

«Մենք նախապես էլ գիտեինք, որ սահմաններն աստիճանաբար բացելու ժամանակ նոր դեպքեր կներկրենք»,- տեղի լրատվամիջոցներին ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

Նրա խոսքով` Հունաստանը «վճռականությամբ լի է պաշտպանելու մեծամասնությանը թեթևամիտ փոքրամասնությունից»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ հուլիսի 1-ից Հունաստանում կորոնավիրուսի թեստ անցած 100-ից ավելի զբոսաշրջիկների թեստի պատասխանը դրական է եղել:

Վերջին տվյալներով՝ Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3826 դեպք, վարակման հետևանքով մահացել է 193 մարդ: