Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընտրվել է ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է ԱՖԿ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:

Ռուսական ներդրումային ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝  Քոչարյանն ընտրվել է անկախ տնօրեն, Նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման հանձնաժողովի նախագահ:

Նշվում է նաև, որ տնօրենների խորհրդի նախագահ է կրկին ընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը:

Կորպորացիայի բաժնետերերի տարեկան հավաքը կայացել է հունիսի 27-ին՝ առցանց ռեժիմով: Դրա շրջանակում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմը, որի անդամների թիվն ավելացել է մեկով՝ դառնալով 12:

Հայտնի է, որ տնօրենների խորհրդի կազմում նորեկները երեքն են՝ Անատոլի Չուբայսը, Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էտյեն Շնայդերը և ԱՖԿ «Սիստեմա»-ի նախագահ Վլադիմիր Չիրախովը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2009 թ. հունիսին ընտրվել էր ԱՖԿ «Սիստեմա»–ի անկախ տնօրեն։