Առանց դիահերձման ինչպե՞ս են որոշում, որ վարակակիրը մահացել է ոչ թե COVID-19-ի, այլ ուրիշ հիվանդության պատճառով

Հիմքեր կան կասկածելու, որ COVID-19-ից մահվան դեպքերն իրականից պակաս են ներկայացվում

Նոր կորոնավիրուսով վարակակիր անձը եթե մահանում է, դիահերձում չի կատարվում: Մարտի 31-ին, ինչպես հայտնի է, այդպես որոշվեց օրենսդրությամբ, փաշինյանական իշխանության կողմից, այսինքն` «Ազգային ժողով» կոչվածում իշխող «Իմ  քայլը» խմբակցության պատգամավորների քվեների գերակշիռ մեծամասնությամբ: Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կամ առողջապահական համակարգը նոր կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձանց մահվան պարագայում նրանց մահը ձևակերպեց և հանրությանը ներկայացրեց իբրև այլ հիվանդությունից մահացած:

Ընդգծենք, որ մահացած վերոնշյալ անձանց` նոր կորոնավիրուսով վարակված լինելը մենք չէ, որ պարզել և հայտարարում ենք, նշված հանգամանքը դեռ նրանց կենդանության օրոք թեստավորմամբ պարզվել, թեստի դրական արդյունքով հաստատվել է բուժաշխատողների կողմից, ավելին` այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ» կոչվող կայքում , ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կայքում ամեն օր հրապարակվող ամփոփագրերում: Միաժամանակ նշվում է, թե այդ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մարդը ոչ թե անմիջականորեն մահանում է այս կամ այն վիրուսից, այս կամ այն հիվանդությունից, այլ հիվանդության հետևանքով թոքային անբավարարության, սրտային անբավարարության կամ երիկամային անբավարարության, ընդհանրապես, իր գոյության համար կարևորագույն, վճռորոշ որևէ օրգանի, համակարգի ախտահարման, դրա կենսականորեն կարևոր գործառույթի ճակատագրական խաթարման կամ կանգի հետևանքով: Դա է պատճառը և՛ այն բոլոր դեպքերում, երբ ՀՀ առողջապահության նախարարությունը և պարետատունը ներկայացնում են, որ այս կամ այն քանակի մարդիկ մահացել են COVID-19-ի հետևանքով, և՛ բոլոր այն դեպքերում, երբ նույն մարմինները ներկայացնում են, թե պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բացատրություն տա, թե այդ ինչի՞ հիման վրա է որոշվել, որ թեև պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, առավել ևս` դա ինչպե՞ս է որոշվել այն պարագայում, երբ տվյալ անձանց դիակների դիահերձում չի կատարվել, քանի որ կենդանության օրոք հաստատվել է նոր կորոնավիրուսով նրանց վարակակիր լինելու հանգամանքը:

Այո, նախարարությունը պետք է բացատրություն տա, թե այն բոլոր 143 անձինք (վերոնշյալ կայքում հունիսի 29-ի ժամը 11-ի դրությամբ հենց այդ թիվն է հրապարակված), որոնց պարագայում ներկայացնում է, թե պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, որոշակի ի՞նչ հիվանդություններից են մահացել: Ի՞նչ է, նրանք բոլորը, ասենք, ինսուլտից հանկարծամա՞հ են եղել, չորրորդ փուլում գտնվող ուղեղի կամ արյան քաղցկե՞ղ են ունեցել, երբ, անկախ նոր կորոնավիրուսով նրանց վարակված լինելու հանգամանքից, կարելի է պատկերացնել ու հավատալ, որ մահացել են ոչ թե COVID-19-ի, այլ նշված պատճառներից մեկնումեկի հետևանքով:

Քանի դեռ ՀՀ առողջապահության նախարարությունը վերը նշված հարցերի պատասխանը չի տվել, մենք բոլորս իրավունք ունենք չհավատալու, որ նոր կորոնավիրուսով վարակված հիշյալ 143 անձանց կամ, թեկուզ, նրանց մի մասի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Առավել ևս, որ չհավատալու այլ հիմքեր էլ կան: Դրանցից մեկն այն է, որ պարետատունն իրականից պակաս է ներկայացրել նույնիսկ այն անձանց քանակը, որոնց առնչությամբ իր կայքում հրապարակել է, որ թեև այդ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նմանաբնույթ առաջին տեղեկատվությունը, որը Հայաստանի Հանրապետության պարետատան կայքում հայտնվեց ապրիլի 29-ին, հետևյալն է.

«Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք, ապաքինվել է ևս 33 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային վարակով վարակվածների մահվան նախորդ երկու, այսպես կոչված, անուղղակի դեպքի մասին նշված կայքն ավելի վաղ չէր հայտնել: Հետագայում նոր կորոնավիրուսով վարակված, բայց, ըստ նախարարության և պարետատան, այլ հիվանդության պատճառով մահացած անձանց քանակը, պարետատան կայքում հրապարակվող տեղեկությունների համաձայն, գնալով ավելացավ, և, ինչպես արդեն նշեցինք, հունիսի 29-ի ժամը 11-ի դրությամբ կազմում է 143: Բայց, պարզվում է, այս թիվն իրականից պակաս է, եթե հիմք ընդունենք հենց առողջապահության նախարարության և պարետատան կողմից ավելի վաղ հրապարակված տեղեկությունները:

Ահավասիկ. պարետատան կայքում հունիսի 25-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է»: Նույն կայքում հունիսի 26-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է»: Պարզ է, որ եթե նշված դեպքերի քանակը հունիսի 25-ին 4-ով ավելացել է, ապա այդպիսի դեպքերի ընդհանուր քանակը պետք է կազմեր 135, մինչդեռ հունիսի 26-ին ներկայացվել է 130` հունիսի 25-ին հրապարակված թվից դեռ մեկով էլ պակաս:

Առավել կարևորը, սակայն, թվային վերոնշյալ անհամապատասխանությունը չէ (դա, ի վերջո, կարող է ոչ թե դիտավորության արտահայտություն լինել, այլ վրիպակի հետևանք), այլ մինչ այդ նշվածը, ինչպես նաև այն, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը կարող է ունենալ մահվան դեպքերն իրականից նվազ ներկայացնելու շահագրգռվածություն: Թե ինչո՞ւ, կներկայացնենք արդեն մեկ այլ հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան