Իմ հայտնած մտահոգություններն ու թերությունների բարձրաձայնումը միտված են դատաիրավական համակարգի խնդիրների օբյեկտիվ ախտորոշմանն ու արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը. ԲԴԽ նախագահ

Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին և դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն, իհարկե, չեն վերաբերում:

Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, այլ առկա մտահոգիչ իրողություններից անհրաժեշտ հետևություններ անելու առիթ պիտի հանդիսանա: Ոչ ոք իրավունք չունի թերագնահատել կամ նսեմացնել նախաքննական, քննչական մարմինների և դատախազության ծանրաբեռնված աշխատանքը, որն իրականում մի քանի անգամ բազմապատկվել է 2018 թվականից հետո՝ երկրում հաստատված նոր իրականության պայմաններում:

Իմ հայտնած մտահոգություններն ու թերությունների բարձրաձայնումը միտված են դատաիրավական համակարգի խնդիրների օբյեկտիվ ախտորոշմանն ու արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Հարցազրույցում, հավասարապես, խոսել ու մատնանշել եմ դատական իշխանությունում առկա խնդիրների ու բացերի մասին, տվել իմ գնահատականները, ինչը կարևոր է նաև հանրային ճիշտ և օբյեկտիվ ընկալում ունենալու համար:

Ձեր հայտարարություններում առկա դիտարկմամբ՝ մեջբերում եմ. «Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն», ըստ էության, հաստատում և կիսում եք իմ հնչեցրած մտահոգությունները, և առնվազն տրամաբանական չէ իմ անունից դրանց վերագրումը նախաքննական մարմինների բոլոր աշխատակիցներին:

Պետաիրավական համակարգում իմ բազմամյա գործունեության ընթացքում, գործընկերների հետ աշխատանքային` նաև անձնական շփումներում միշտ անթաքույց արտահայտել եմ և՛ իմ բարձր գնահատականը դատաիրավական համակարգի նվիրյալների, պետական մտածողությամբ օժտված պրոֆեսիոնալների աշխատանքի, և՛ առկա թերությունների ու թերացողների մասին: Այս համատեքստում, առնվազն, ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ:

Հ.Գ. Քննչական մարմինների և դատախազության հարգելի գործընկերներ, հորդորում եմ տեղափոխվել մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթություն, կառուցողական, հրապարակային և արդյունավետ ջանքերով` համատեղ լծվել դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Ռուբեն Վարդազարյանի ֆեյսբուքյան էջից

Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված…

Опубликовано Ruben Vardazaryan Среда, 24 июня 2020 г.