Ալեն Սիմոնյանն առաջարկում է հնգապատկել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկ է ներկայացրել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկելու վերաբերյալ:

Այս մասին փաստաթուղթը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ըստ Ալեն Սիմոնյանի` առաջարկը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածին՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին.

Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 5000- ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

2) Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 10000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

3) Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

Այսպիսով` առաջարկվում է վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից փոխհատուցումը դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:

Հիմնավորման մեջ ասվում է, որ նախագիծը նպատակ ունի առաջարկվող փոփոխություններով ապահովել լրացուցիչ երաշխիքներ անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար: