Հնարավոր է՝ Փաշինյանը ակամա միավորի վաղեմի գործընկերներին՝ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Նա խոսեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունից՝ ասելով, որ իշխանությունները բնակչության իմունիզացիայի բարձրացման մակարդակի վրա է հույսը դրել։ Եթե մենք հիմա չունենանք որևէ իշխանություն, վարչապետ, առողջապահության նախարար, վարակը որոշ ժամանակվանից հետո, անկախ գործադրած ջանքերից, կնահանջի, ամենաբարձր շեմին կհասնի, կայունացման որոշ փուլից հետո աստիճանաբար կիջնի՝ անկախ նրանից, իշխանություններն ամեն օր մեզ կանոններ կթելադրեն, անձնագիր կպահանջեն, տարբեր սարսափելի պատմություններ կպատմեն, թե ոչ։ Իրականում իշխանությունները հույսը դնում են այդ շեմի վրա՝ դատելով նրանց գործողություններից, բայց հետագայում ամեն ինչ կվերագրվի իշխանությունների ջանքերին։

Մեր իշխանությունները չկարողացան կանխել վարակի արագ տարածումը, կառավարելի դարձնել, թեկուզև մարդկանց փակեց տներում, և դրանով հանդերձ նաև տապալեց տնտեսությունը, երկրում նպաստեց սոցիալտնտեսական վիճակի վատթարացմանը։ Այսինքն՝ եթե այլ երկրներում զոհաբերեցին տնտեսությունը՝ հանուն մարդկանց առողջության, ապա Հայաստանում ոչ մեկը ստացվեց և ոչ մյուսը։ Մենք ըստ էության, երկու դժոխքի առջև ենք կանգնած՝ վիրուսի տարածման և սոցիալտնտեսական։

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև երկրում այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ մասնավորապես ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու որոշումներին և ասաց, որ գործընթացը որքան էլ իրավական հիմքեր ունենա, ավելի շատ քաղաքական է, քանի որ նախևառաջ քաղաքական ֆիգուրի հետ է կապված։ Անկախ նրանից, թե ինչ քրեական հոդված է հիմքում դրվում, կարևոր է, թե ինչպես է գործընթացն ընկալվում, իսկ այս դեպքում այն ընկալվում է որպես քաղաքական։ Գործին քաղաքական բնույթ է տալիս նաև դեպքերի ժամանակագրությունը․ եղավ բավականին կոշտ ու արմատական և Գագիկ Ծառուկյանին ոչ այնքան բնորոշ հայտարարություն, թե կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, և դրանից հետո անմիջապես սկսվեց նրա նկատմամբ այս ամբողջ գործընթացը։ Ի դեպ, անգամ դրսում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը գնահատվեց որպես քաղաքական հալածանք՝ դատելով արևմտյան և ռուսական լրատվամիջոցների արձագանքից։

Մանրամասները՝ տեսանյութում