Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ուզբեկստանում և Իսրայելում կորոնավիրուսով վարակակիրների թվի աճ է նկատվում. ԱՀԿ ներկայացուցիչ

Եվրոպական այն երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով վարակման ցուցանիշն աճ է գրանցել, ավելացել է ավելի քան 3,5 անգամ` 6-ից հասնելով 21-ի, կորոնավիրուսի համաճարակն իր ակտիվ փուլում է գտնվում շատ երկրներում: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մի քանի շաբաթ վարակման դեպքերի թվի անկումից հետո որոշ երկրներում նոր դեպքերի ցուցանիշը կայունացել և հասել է եվրոպական տարածաշրջանում միջին հաշվով օրական մոտ 17-20 հազարի»,- ասել է Կլյուգեն ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի` ռուսալեզու ԶԼՄ-ների համար տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով` մի շարք երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Իսրայելը, կորոնավիրուսով վարակակիրների թվի աճ է նկատվում:

«Որոշ երկրներում նոր կորոնավիրուսային վարակի աճի տեմպեր են նկատվում: Անցյալ ամիս եվրոպական երկրների թիվը, որոնցում էականորեն աճել է գրանցված դեպքերի ընդհանուր ցուցանիշը, աճել է գրեթե 3 անգամ` 6-ից հասնելով 21-ի: COVID-ի համաճարակն առաջվա պես իր ակտիվ փուլում է շատ երկրներում»,-ընդգծել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրենը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8 425 191 է, մահացել է 451 808 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: