Լեհաստանի նախագահը ԼԳԲՏ գաղափարախոսության դեմ պայքարի արշավ է հայտարարել

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երեխաներին կպաշտպանի ԼԳԲՏ գաղափարախոսությունից, որի դեմ պայքարի համար նոր արշավ է սկսել:

Ինչպես նշում է The Guardian -ը, այս քայլով նախագահական ընտրություններին մասնակցող Դուդան ցանկանում է պահպանողական հայացքների տեր ընտրազանգվածի շրջանում բարձրացնել իր վարկանիշը:

Գործող նախագահի խոսքով՝ միասեռական ամուսնությունների օրինականացումը, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերի կողմից երեխաների որդեգրումը օտարերկրյա գաղափարախոսություն է, որի քարոզը պետք է արգելվի դպրոցներում և հանրային ինստիտուտներում:

Հայտնի է, որ համավարակի պատճառով ընտրությունները մայիսի 10-ից տեղափոխվել են հունիսի 28-ը, և այս ընթացքում մայրաքաղաք Վարշավայի լիբերալ քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին ևս մտել է մրցապայքարի մեջ և, ըստ սոցհարցումների արդյունքների, նա կարող է լինել Դուդայի ամենագլխավոր մրցակիցը:

Քաղաքապետը ԼԳԲՏ համայնքի իրավունքների աջակից է և Վարշավայի առաջին քաղաքապետն է, որը մասնակցել է գեյ շքերթի: