Մոսկվայում հունիսի 9-ից կչեղարկեն ինքնամեկուսացման ռեժիմն ու զբոսանքի ժամանակացույցը

Մոսկվայում հունիսի 9-ից կչեղարկվեն ինքնամեկուսացման և տնից դուրս գալու համար թվային անցագրերի ռեժիմները, ինչպես նաև զբոսանքի ժամանակացույցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝  մեջբերելով Հանրային պալատի ղեկավար Կոնստանտին Ռեմչուկովի խոսքը:

«Հունիսի 9-ին չեղարկվում է ինքնամեկուսացումը և անցագրային ռեժիմը, չեղյալ է հայտարարվում նաև զբոսանքի ժամանակացույցը։ Ամառային ծածկապատշգամբներով սրճարանները կբացվեն հունիսի 16-ից»,- հայտնել է Ռեմչուկովը:

Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հունիսի 9-ից կվերսկսվի նաև գեղեցկության սրահների, անասնաբուժական կլինիկաների և աշխատանքի տեղավորման գործակալությունների աշխատանքը։

Բացի դրանից, հունիսի 16-ից կբացվեն գրադարանները, թանգարանները, ցուցասրահները և կենդանաբանական այգիները: Մնացած բոլոր սրճարաններն ու ռեստորանները, ֆիթնես ակումբներն ու լողավազանները կկարողանան աշխատանքը վերսկսել հունիսի 23-ից:

Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմն ավելի վաղ երկարաձգել էին մինչև հունիսի 14-ը, իսկ հունիսի 1-ից մայրաքաղաքի բնակիչներին թույլ էր տրվել զբոսնել ըստ ժամանակացույցի: