Պարետի որոշմամբ՝ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ելքերն ու մուտքերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,-այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ նման դեպք ունեցել ենք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետևանքով այդ տան պապը մահացավ: Արդյունքում՝ գյուղում գրանցվեց վարակի 100-ից ավելի դեպք: «Դդմաշենի թաղման հետ կապված՝ մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։ Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները»,-նշել է վարչապետը: