Ռուսաստանը դուրս չի գա Բաց երկնքի պայմանագրից

Մոսկվան մտադիր է պահպանել  Բաց երկնքի պայմանագրի բոլոր դրույթները այնքան ժամանակ, քանի դեռ այն ուժի մեջ է: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մոտեցումը պետք է լինի պրագմատիկ: Քանի դեռ համաձայնագիրն ուժի մեջ է, մենք մտադիր ենք լիովին պահպանել բոլոր այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են մեզ համար այդ պայմանագրից», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը կքննարկի՞ ԱՄՆ-ի դուրս գալու թեման պայմանագրի մյուս կողմերի հետ:

Գրուշկոն հույս է հայտնել, որ մյուս երկրները նույնպես բարեխղճորեն կմոտենան իրենց պարտականություններին:

Միացյալ Նահանգները ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 22-ին պաշտոնապես կտեղեկացնի Բաց երկնքի պայմանագրի կողմերին՝ դուրս գալու մասին և վեց ամիս անց կազատվի պարտավորություններից: Որպես պատճառ՝ նրանք մատնանշել են «Ռուսաստանի՝ պայմանագրի պայմաններին չհետևելը»: Միևնույն ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ որոշումը կարող է փոփոխվել, եթե Մոսկվան սկսի հետևել փաստաթղթին: Ռուսաստանը  մեղադրանքները համարում է անհիմն:

Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թ., այն դարձել է Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցներից մեկը սառը պատերազմից հետո: Փաստաթուղթը ուժի մեջ է 2002 թվականից և մասնակից երկրներին հնարավորություն է տալիս բացահայտ հավաքել տեղեկատվություն զինված ուժերի և միմյանց գործունեության մասին: Դրա տակ ստորագրել են 34 պետություն: