Շառլ Ազնավուր Մեր երկրում պոետները չեն մեռնում (տեսանյութ)

Մեր երկրում պոետները չեն մեռնում: Սա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքն է բանաստեղծ, կինոդերասան, հասարակական գործիչ Մեծ շանսոնիե Շարլ Ազնավուրի մասին:

Պոետը, որ իր երգով, հմայքով վայելեց աշխարհի սերը, հարգանքը, մեծարանքը՝ անմեռ է:

Կոսմոպոլիտ մտածողության տեր Ազնավուրը սակայն, ապրում էր հայի մտքով, սրտով, երգերն էլ, թեկուզ օտարալեզու, բայց հայի ոգով և մեղեդայնությամբ են:

Իզմիրից եղեռնապուրծ մայրը՝ Քնար Բաղդասարյանը և արմատներով Էրզրումից Միքայել Ազնավուրյանը, որոնք երկուսն էլ արտիստներ էին, ունենում են երկու զավակ Աիդան՝ ծնված 1923 թ. Սալոնիկում, և Շահնուրը, որ ծնվում է 1924 թ. արդեն Փարիզում:

Միքայելը երգում էր իր իսկ բացած «Կովկաս» ռեստորանում, որը տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է, և նա ստիպված տեղափոխվում է այլ փողոց, որտեղ էլ բացում է նոր ռեստորան:

Նրանք ապրում էին արվեստի դպրոցի դիմաց, ուր հետագայում ուսանում է մեծ արտիստը:

Շառլ Ազնավուրի հանդիպումը նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշիի հետ կարևոր էր այնքանով, որ նա ընտրում է երգարվեստը:

Հետագայում մեկ այլ հանդիպում՝ Էդիտ Պիաֆի և Շառլ Տրենեյի հետ, դառնում է ճակատագրական:

Ազնավուր և Տրենեյ դուետին Պիաֆը հրավիրում է Նյու-Յորք:

Ավելի ուշ Ազնավուրը երգում է մենակ:

1955թ. «Օլիմպիա» դահլիճում ելույթից հետո նա ցնցում է ֆրանսիացիներին, և հենց այդ ելույթից հետո էր, որ Շառլ Դը Գոլը կանխատեսում է աշխարհը գրավելու հեռանկարի մասին:

Մեծ արտիստը երգել է աշխարհի ամենատարբեր բեմերում:

Ազնավուրը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, ստեղծել հազարից ավելի երգեր, հարյուրավոր ալբոմներ, բանաստեղծություններ, գրքեր, արժանացել երեք տասնյակից ավելի պարգևների:

Նրա թողած ժառանգությունը աշխարհի մշակութային գանձարանի հարստությունն է:

Նրա բոլոր երգերն ունեն սյուժե, բովանդակություն:

Երազում էի նրա հետ երգել իր «Mourir d՝aimer» («Մեռնել սիրով» ) ստեղծագործությունը…

Իմ այգու յոթանասուն ծառերից մեկը՝ խնձորենին անվանակոչել եմ իր պատվին, իր անունով:

Սիրանույշ Եղիազարյան