2000 տարեկան հայ թատրոնը (Մաս IX)

Սկիզբը՝ https://livenews.am/press/2020/42108/13/19/54/

Այս ամենին վերջապես հետևում է Խորենացու մտերիմ աշակերտների՝առաջին հերթին ականավոր հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթի և քերական Դավիթ Քերականի՝ թատրոնի մասին կարծիքը:

Նրանցով մենք կարող ենք ավարտել մեզ հայտնի ակնարկը 5-6-րդ դարերի միջնադարյան հայ թատրոնի ծաղկման ժամանակաշրջանի մասին:

«Գիրք պիտոյիցի» հեղինակն առանձնացրել է դրամատուրգների ստեղծագործությունները հանրության համար օգտակարի և վնասակարի:

Դավիթ Անհաղթն ավելի հեռուն է գնացել և նա մատնանշում է երրորդ կատեգորիան՝ դատարկ՝ «ընդունայն» արվեստը:

Այս կատեգորիային է դասել լարախաղացներին (փահլևան), մարմնամարզիկներին և աճպարարներին:

Նրա կարծիքով այս արվեստը օգուտ չի տալիս, բայց չի էլ վնասում:

Այնուհանդերձ գտնում էին, որ սուրբ Կարապետը` Գիսանե Աստծո այդ երկարամազ ժառանգորդը, համարվել է լարախաղացների հովանավորը:

Արշակ Ադամյանն իր աշխատության մեջ ներկայացնում է հայ հին փիլիսոփաներ՝ Դավիթ Անհաղթի և Դավիթ Քերականի կարծիքները:

Նրանք արվեստը բաժանել են չարի, բարու և միջինի, նկատի ունենալով հանրությանը նրա օգտակարությունը:

Զարգացնելով այն միտքը, որ արվեստը պետք է ծառայի հանրությանը, Դավիթ Քերականը գալիս է շատ կարևոր եզրահանգման՝ հանրությանը ծառայելը համարվում է արվեստի կատարելագործման հավերժության պայման և հակառակը՝ հանրության համար վտանգավոր և անտարբեր արվեստը չի կարող կատարելագործվել և չի կարող ապահովել երկարակեցություն:

Եվ այսպես, Ադամյանը ներկայացնում է արվեստի երեք կողմերը, որոնք կազմում են միասնություն՝ հանրությանը ծառայելը, կատարելագործումը, կայուն գոյությունը:

Պարադոքս է, ոչ հելենիստական մշակույթի երկրներում, ավելի քիչ զարգացած, փիլիսոփայություն և գեղարվեստական կուլտուրա ունեցող հին Հայաստանում, որտեղ գեղարվեստական կուլտուրան դեռևս չէր գտնվում փիլիսոփայական հետաքրքրությունների կենտրոնում, հատկապես այստեղ է արվեստի տեսական միտքը հասնում բացարձակ ճշմարտության, այն է՝ ծառայել հասարակությանը:

Այս հետևությունը հին Հայաստանում արժանի է լուրջ ուշադրության:

Դավիթ Քերականը ասում է, որ քերականական արվեստին հետաքրքիր չէ ոչ միայն «վտանգավոր, այլև «անօգուտ» արվեստը:

Դավիթ Քերականը սահմանափակվում է միայն այն պարզաբանմամբ, որ արվեստը կախարդանք է և հմայություն:

Հիշենք՝ բոլոր թատերական արվեստները Մանդակունու կողմից հայտարարվել են սատանայական գայթակղություններ, իսկ դերասանները՝ կախարդներ:

Հիշենք Մեդեայի կախարդանքը «Գիրք պիտոյիցից»:

Հին Հայաստանի բոլոր գիտնականներնը հոգևորական էին, որոնք մեջքով էին կանգնած աշխարհին:

Ամբողջական պատկերացում հին Հայաստանի թատրոնի փաստացի զարթոնքի մասին մեզ տվել է Մանդակունին, որը շատ խորն է թափանցել, անկախ իր կամքից, ասելով ավելին «սատանայական» գործերի մասին: Անկասկած «դատարկ» և «վնասակար» ներկայացումները լուրջ տեղ էին գրավում հին հայկական թատրոնում:

Շարունակելի

Սիրանույշ Եղիազարյան