Չինաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ)

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, ևս 23-ը՝  տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով նահանգի կառավարության հայտարարությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մայիսի 18-ի երեկոյան` տեղի ժամանակով 21:47-ին  Չժաոտուն քաղաքային շրջանի Ցյացզյա շրջանում, որտեղ ապրում է ավելի քան 5,5 միլիոն մարդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժից անմիջապես հետո տեղական իշխանությունները օպերատիվ փրկարարական աշխատանքներ են կազմակերպել, վնասված շինություններում մնացած մարդիկ տարհանվել են: Տարհանված մարդկանց թվի մասին տեղեկություն չկա:

Երկրաշարժի ժամանակ շատ մարդիկ եղել են փողոցներում, խանութներում կամ դպրոցներում: Քանի որ Յուննանը գտնվում է սեյսմիկ գոտում, տեղի բնակիչները գիտեին՝ ինչ պետք է անել. նրանք թաքնվել են ամենաապահով տեղերում կամ արագ դուրս են եկել շինություններից:

Երեկոյան դասընթացների հաճախող դպրոցականները կազմակերպված կարգով րոպեների ընթացքում հեռացել են դասարաններից: