ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի պատվաստանյութը

Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի բարեհաջող ավարտի մասին: Այս մասին տեղեկացրել է Reuters » գործակալությունը:

Դեղամիջոցի փորձարկումը մի խումբ կամավորների վրա սկսվել է ապրիլին:

Moderna-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ mRNA-1273 պատվաստանյութն ընդունելուց հետո փորձարկման մասնակիցների օրգանիզմում հակամարմինների քանակը դեղաչափով պայմանավորված՝ կա՛մ գերազանցել է համապատասխան ցուցանիշը COVID-19-ով վարակված մարդկանց արյան մեջ, կա՛մ մնացել է նույն մակարդակում:

Նախնական փուլում դեղամիջոցն իրեն դրսևորել է անվտանգ, պատվաստումն  անցել է առանց բարդությունների: Ընկերությունը նախատեսում է, որ կլինիկական փորձաքննության վերջնական փուլը կսկսվի հուլիսին:

Reuters գործակալությունը նշում է, որ հայտարարության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 25% -ով: