Ձեր մտքով բնավ չի անցնում, որ ձեր երեխան կարող է դառնալ միասեռական, Դ. Մ.-ի հոր մտքով էլ չէր անցնում…

Հիմա ձեր մտքով բնավ չի անցնում, որ ձեր, ձեր հարազատի, ընկերոջ երեխան կամ թոռը վաղը կարող է դառնալ միասեռական` արվամոլ (գեյ), իգացող (լեսբի), տրանսգենդեր… Մեր հասարակության անդամներից շատերը դա նույնիսկ երևակայել, պատկերացնել չեն կարող: Մտածում են` մենք մեր երեխային այդպիսին չենք դաստիարակի, ու վե՛րջ:

11-ամյա Դ. Մ.-ի հոր մտքով էլ չէր անցնում այն արհավիրքը, որ եկավ իր և իր զավակի գլխին: Ի՞նչ է, կարծում եք, թե նա իր երեխային դաստիարակում էր այնպես, որ նա միասեռակա՞ն դառնա… Իհարկե՛ ոչ, բայց դարձավ: Ծնողը չի կարող շուրջօրյա հսկողության տակ պահել իր երեխային, մանավա՛նդ, երբ խոսքը, ասենք, 11-ամյա երեխայի մասին է: Ինչ-որ անձ, անձինք կամ այլասերման, պղծության քարոզով զբաղվող մի կազմակերպություն կարողացել է որսալ Դ. Մ.-ին, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ ու ձգտումներ առաջացնել, ի վերջո, այլասերել: Հետևաբար ձեզանից որևէ մեկը թող չկարծի, թե վաղը նույնը չի կարող կատարվել իր, իր հարազատի, ընկերոջ երեխայի կամ թոռան հետ:

Հակիրճ  տեղի է ունեցել հետևյալը. 2020 թվականի ապրիլի 21-ին «Նոր Սերունդ» ՀԿ-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 2020թ. ապրիլի 21-ին «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իր սեռական կողմնորոշման հիմքով ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով 11-ամյա Դ. Մ.-ն տանից փախուստի է դիմել ու փորձել ապաստան հայցել ընկերներից։

Դ. Մ-ն և իր ընկերները վերոնշյալ ՀԿ-ի փաստաբանի հորդորով դիմել են ոստիկանություն, որից հետո ոստիկաններն այցելել են նշված վայր և երեխային ու ընկերներին տարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին։

Երեխան ոստիկանության համապատասխան բաժնում պնդել է, որ ցանկանում է հեռանալ ընտանիքից և ունենալ այլ խնամակալ, քանի որ հայրը, իր սեռական կողմնորոշման մասին իմանալուց ի վեր, պարբերաբար ստուգում է իր հեռախոսային նամակագրությունները, հետևում զանգերին, ստիպում չշփվել ընկերների հետ, ովքեր նույնպես հանդիսանում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ, և հաճախակի գործադրում է բռնություն։

Հիշեցնենք, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ կործանարար օրենքի համաձայն, բռնություն է համարվում նաև «հոգեբանական բռնություն» կոչվածը:

Օրերս անդրադառնալով վերոնշյալ եղելությանը և ուշագրավ է համարելով այն փաստը, որ ոստիկանների կողմից բաժին է հրավիրվել նաև տուժողի հայրը, որտեղ դաստիարակչական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Այստեղից կարելի է եզրակացնել, որ հոր կողմից երեխայի նկատմամբ գործողությունները կրել են դաստիարակչական բնույթ և չեն պարունակել քրեական օրենսգրքով արգելված ֆիզիկական բռնության հատկանիշներ, ինչը և չի արձանագրվել ոստիկանների կողմից։

Սակայն, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ փաստաբանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՄԻՊ աշխատակցի արագ արձագանքման արդյունքում, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համապատասխան, երեխայի հոր նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց՝ նախազգուշացում և երեխային տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր»։

Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում երեխայի ծնողի նկատմամբ պաշտպանության միջոցի՝ նախազգուշացման կիրառումը, բացատրենք. բավական է նույն ծնողի կողմից ևս մեկ բռնություն (լինի այն ֆիզիկական, հոգեբանական կամ տնտեսական…) գործադրվի երեխայի նկատմամբ, այսինքն` լինի, օրինակ, ծնողական ապտակ, դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառած գոռոց, բարկացած տոնով, բարձր ձայնով նախատինք կամ միասեռական ընկերների հետ շփվելու արգելք և այլն), և արդեն «ընտանիքում բռնություն գործադրած անձ» որակված տվյալ ծնողի նկատմամբ ոստիկանության իրավասու ծառայողի կողմից կայացվելու է անհետաձգելի միջամտության որոշում: Դրա արդյունքում ծնողը մինչև 20 օրով մեկուսացվելու է, այսինքն` նրան հարկադրվելու է անհապաղ հեռանալ իր ընտանիքից, նա առժամանակ զրկվելու է իր իսկ տանն ապրելու, հարազատ օջախ անգամ կես րոպեով մուտք գործելու, երեխային ուսման կամ այլ վայրում այցելելու իրավունքներից:

Ավելին. ծնողին կարող է արգելվել նույնիսկ իր երեխային և իր տանը, որտեղ ապրում է այդ երեխան, այն դպրոցին, որտեղ սովորում ու տվյալ պահին գտնվում է նա, այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալը, որը տվյալ երեխայի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Ծնողին կարող է նաև արգելվել երեխային հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվելը:

Երեխայի հորը կարող է չհարկադրվել անհապաղ հեռանալ իր ընտանիքից, որտեղ ապրում է տվյալ անչափահաս երեխան, եթե նա այդ երեխայի միակ օրինական ներկայացուցիչն է, այսինքն` երեխան չունի գործունակ մայր, տատ, պապ, չափահաս եղբայր, քույր… Այս դեպքում տվյալ երեխայի խնամքը կազմակերպվելու է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից, այսինքն` երեխան խլվելու է հորից, նրան տրամադրվելու է հատուկ այդ նպատակով և ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար  կառուցված կացարան, և հոր մուտքն այնտեղ, երեխային տեսակցելն արգելվելու է (արգելքը խախտելու դեպքում կիրառվելու են պատասխանատվության խիստ միջոցներ): Էլ չենք խոսում հիշյալ օրենքով նախատեսված ավելի խիստ` պաշտպանական որոշման կիրառման, ինչպես նաև այն  մասին, որ անհետաձգելի միջամտության որոշումը երեխայի հանդեպ հիշյալ բռնությունները գործադրած ծնողների նկատմամբ որոշ դեպքերում կարող է կայացվել առանց նախազգուշացման:

«Նոր Սերունդ» ՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ երեխայի հայրը թույլ չէր տալիս երեխային շփվել ընկերների հետ, ովքեր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ են։

Նկատենք, որ հիշյալ նախազգուշացումից հետո հայրն այլևս չի կարողանալու դա թույլ չտալ, քանի որ հակառակ դեպքում, և եթե երեխան բողոքի, բռնարար համարված ծնողի նկատմամբ կկիրառվեն վերը նշված միջոցները: Իրավացի է Հայկ Այվազյանը` այն, ինչ տարիներ շարունակ զգուշացնում էինք, այսօր արդեն իրականություն է դառնում։

«ՀՀ իշխանության կողմից գործողությունների ազատություն ստացած այլասերումների ու պղծությունների քարոզիչներն անցել են գործի,- գրել է Հայկ Այվազյանը:- Նրանք ներխուժում են ընտանիքներ, իրենց պղծությունները քարոզում են անչափահաս երեխաներին, նպաստում են վերջինների բաժանմանը ծնողներից, երեխաներին ծնողների դեմ են հանում»։

Վերը ներկայացվածը, սակայն, դեռ նմանաբնույթ սակավաթիվ դեպքերից մեկն է, դրանք զանգվածային բնույթ են ստանալու փաշինյանական իշխանության կողմից «Ազգային ժողով» կոչվածում Լանզարոտի կոնվենցիայի երեկվա վավերացումից հետո, երբ դեռահասների ու նույնիսկ տարրական դասարանների աշակերտների շրջանում սեռական վաղաժամ և անառողջ հետաքրքրություններ կառաջացվեն արդեն ոչ միայն ինչ-որ անձանց կամ «հասարակական կազմակերպություն» կոչվածների, այլ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները կատարող պետության կողմից` դպրոցում կրթական ծրագրերի, դասագրքերի միջոցով, ամենայն հավանականությամբ, նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ:

Նկատի ունենալով Լանզարոտում ստորագրված և արտաքուստ անմեղ ու բարի նպատակի մասին հայտնող անվանումով («Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին») Եվրոպայի խորհրդի կոնվենցիան և նշելով, որ այն երեխաների շրջանում պղծությունների տարածմանն է ուղղված, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը կոնվենցիայի վավերացումից առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Երեխաներին պղծելու ու այլասերելու նպատակով տեղեկատվական-քարոզչական գործընթացը էլ ավելի համատարած և հիմնովին դարձնելու համար ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով վավերացման է ներկայացվել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ Կոնվենցիա), որի 2-րդ հոդվածում նշված է, որ տուժածների (կոնվենցիայի իմաստով տուժածները երեխաներն են) իրավունքների աշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն պետք է իրականացվեն առանց խտրականության՝ այդ թվում անկախ սեռական կողմնորոշումից։

Այս հոդվածով կոնվենցիայի հեղինակները փաստում են, որ իբր կան նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, ինչը կեղծիք է։ Այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխա լինել չի կարող։ Երեխային սեռական այլասերումներին կարելի հասնցել միմիայն նպատակային ուղղորդող քարոզչական աշխատանքներ իրականացնելու միջոցով»։

Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից հետո և կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, Հայաստանն ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ ստանան համապատասխան սեռական դաստիարակություն, այսինքն` «տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:

Լանզարոտի կոնվենցիայով ստանձնած պարտավորության կատարմամբ մեր, ընդգծում ենք, նաև տարրական դասարանների աշակերտներին, նաև 8-րդ դասարան դեռ չհասած ու «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկան դեռ չյուրացրած դեռահասներին, ինչպես արդեն նշել ենք, դպրոցներում, հեռուստատեսությամբ, թերևս նաև այլ կերպ տեղեկացնելու են, թե ինչ բան են սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական բռնությունը և սեռական շահագործումը, ինչ է կատարվում դրանցից հետո, ինչ հետևանքներ են առաջանում, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը և այլն: Այսպիսով խեղելու են այս տարիքի երեխաների հոգեբանությունն ու հոգին, պղտորելու են նրանց միտքը, այդ երեխաների շրջանում վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ են առաջացնելու, վտանգավոր հետևանքներ ունեցող գայթակղություններ:

Ըստ Հայկ Այվազյանի, քանի որ կոնվենցիայում ամրագրված է, որ կարող են լինել նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, հետևաբար այդ սեռական դաստիարակության ծրագրերը տարրական և միջնակարգ դպրոցներում պետք է ներառեն նաև տեղեկատվություն միասեռականության և դրան վերաբերվող այլ թեմաների մասին, այդ թվում նաև` սեռական կողմնորոշման մասին։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում մեկ այլ գրառմամբ նշել է, որ «Իմ քայլը» դաշինքից չգտնվեց մեկը, ով դեմ կխոսեր», ապա հավելել. «Ու թող ոչ մեկը «Իմ քայլը» դաշինքից չփորձի հակադարձել, որ իրենք էլ են իբր դեմ այլասերումներին, որովհետև իրենք էլ երեխաներ ունեն։

Տվյալ դեպքում նույնիսկ չեզոք դիրք ունեցող կամ լռող անձը արդեն հանցակից է»։

Արթուր Հովհաննիսյան