Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացրել  է «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցին՝ նշեց. «Գայթակղությունը չափազանց մեծ է խոսել այլ թեմաներից, բայց ես կանդրադառնամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին և  կսկսեմ ինձ համար անընդունելի ձևակերպումներից: Դուք ձեր զեկույցում, Պարոն Թաթոյան,  կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը՝ կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է: Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր: Եթե դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թվականներին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի: Բայց 21-րդ դարում, թավշյա հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշել, որ կինը մարդ է, այն էլ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Կանանց և նրանց իրավունքների մասին խոսելով՝ մենք ընտրել ենք շատ սխալ ուղի և պետական կառավարման համակարգում մենք կանանց դերի ավելացումը փորձում ենք օգտագործել անհասկանալի քվոտաներով, սակայն պետք է սկսենք հասարակության դաստիարակությունից և հասնել փոփոխության»:

Խոսելով ՀՀ հոգեբանական բռնության մթնոլորտին ՄԻՊ-ի վերաբերմունքի՝ պատգամավորը նշեց. «Երկու տարի է անցել հեղափոխությունից երկու տարի շարունակ  իշխանության մեջ գտնվող մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չեմ ասում կանանց մասին ինչեր են խոսում և ձեր վերաբերմունքը զրոյական է: Ես այստեղ միտում եմ տեսնում»: Ամփոփելով ելույթը պատգամավորը նշեց. «Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»:

Մանրամասները՝ տեսանյութում