ԱՄՆ կոնգրեսը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով: «Ամերիկայի ձայնի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:

«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, մամուլից ազատորեն օգտվելու և տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների ու թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»,- նշված է հայտարարությունում:

ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում, հնարավոր է, խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների: