Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չէր հաջողվել։

Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դեպքի առթիվ բերման ենթարկված անձնավորությունը խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «…Որովհետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։

Հայ պատգամավորն ընդգծել է նաև, որ ատելության մթնոլորտի պայմաններում Բաքըրքյոյում և տարբեր շրջաններում պարբերաբար եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում։ Եղել են դեպքեր, երբ ռասիստական, ազգայնամոլական բնույթի գրություններ են տեղ գտել հայկական եկեղեցիների պատերին։

Այս ամենը նկատի առնելով՝ Կարո Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղել է հետևյալ հարցերը.

Չե՞ք կարծում, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ ատելության հողի վրա իրականացվող հարձակումների են դրդում Թուրքիայի նախագահի խոսքերը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունն է։

Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում հաճախակի հարձակման թիրախ դարձած փոքրամասնություններին պատկանող կրոնական հաստատությունների պաշտպանության համար։

Ըստ իս՝ ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղորդվում են պետության ներսում գտնվող տեսանելի և անտեսանելի կենտրոնների կողմից։ Հակառակը կարո՞ղ եք պնդել։

Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը՝ Ermenihaber.am