Մենք պարտք ունենք Արցախը դարձնել անվտանգ, կայուն և ժամանակին համաքայլ զարգացող. Սամվել Բաբայան

Սիրելի´ հայրենակիցներ,

Այսօր հաղթանակի և խաղաղության համազգային տոն է:
Եթե այն հայ ժողովրդի համար նշանավորվում է որպես եռատոն՝ խորհրդանշելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը, Պաշտպանության բանակի կազմավորումը, ապա դրան պիտի ավելացնել չորրորդը՝ Ադրբեջանի կողմից պարտության ընդունման օրը:
1992 թվականի գարնանը արցախյան գոյապայքարը թևակոխել էր նոր փուլ. ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հացի խնդիրը կաթվածահար էր արել տնտեսական կյանքը: Հումանիտար աղետից խուսափելու ելքը մեկն էր՝ ազատագրել ռազմավարական նշանակության բերդաքաղաքը:
Շուշիի ազատագրումը, հիրավի, առանձին ընկալում ունի մեր գիտակցության մեջ. այն նախապայման էր մասնավորապես Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհը կամ, ինչպես ընդունված է ասել, «մարդասիրական միջանցքը» բացելու առումով:
Իմ սերնդին բախտ է վիճակվել կազմակերպել և գլխավորել մեր հայրենիքի ինքնապաշտպանությունը, կանգնել անկախության ակունքներում՝ ծնունդ տալով անվտանգության միակ երաշխավորին՝ հայոց բանակին, որ հասակ առավ գոյամարտում, թրծվեց լինելիության պայքարում՝ սերունդների համար ստեղծելով բոլոր հիմքերը հաղթողի իրավունքով ձևակերպելու իր ասելիքը:
Շուշիի և ազատագրական այլ մարտերի մասնակիցների երազանքը՝ ազատ, անկախ Արցախը իրողություն և արդյունք է առաջին հերթին բանակի շնորհիվ, որն անհամեմատ հասուն է և լի մեր ձգտումների իրականացման վճռականությամբ, որոնք ոչ մի պարագայում չպիտի վերաձևակերպվեն բանակցային սեղանի շուրջ:

Սիրելի´ հայրենակիցներ,
Մայիսը մեր իղձերի և երազանքների խտացումն է, մեր ձգտումների նշաձողը, որը պիտի ամրապնդել քաղաքական-դիվանագիտական, սոցիալ-տնտեսական, կրթական-մշակութային, լրատվական-քարոզչական հաղթանակներով:
Մենք պարտավոր ենք անելու դա:
Մեզ պարտավորեցնում է առաջին հերթին այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն ազատության և անկախության, ապա նրանց շառավիղների աչքերի մեջ ուղիղ նայելու ցանկությունը առ այն, որ մենք հիմնավորել ենք նրանց հայրերի և պապերի բացակայությունը: Մենք պարտք ունենք նրանց բոլորի առաջ՝ Արցախը դարձնելու նրանց երազանքի երկիրը՝ անվտանգ, կայուն և ժամանակին համաքայլ զարգացող:
Մենք դատապարտված ենք անելու դա:
Եվ մենք անելու ենք դա՝ համահայկական պոտենցիալի կենտրոնացմամբ և իրացմամբ:
Շնորհավո՜ր հաղթատոներ: