«Ես ձեզ իմ ուղերձն եմ հղում այն նույն ժամին, ինչ հայրս՝ ուղիղ 75 տարի առաջ». Մեծ Բրիտանիայի թագուհին հանդես է եկել ուղերձով

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, գրում է The Guardian -ը։

Հիշելով Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի զոհերի և Եվրոպայում մարտական գործողությունների ավարտին հաջորդած «ուրախ հանդիսությունները»՝ Մեծ Բրիտանիայի թագուհին գովաբանել է ներկա սերնդի դրական հատկանիշները:

Լոնդոնի ժամանակով երեկոյան ժամը 21:00-ին 94-ամյա թագուհին BBC-ի եթերում տեսաուղերձ է հղել բրիտանացիներին, որը նախապես ձայնագրվել է Վինձորի դղյակում։

«Ես ձեզ իմ ուղերձն եմ հղում այն նույն ժամին, ինչ հայրս՝ ուղիղ 75 տարի առաջ։ Նա իր ուղերձում ողջունում էր երկրում և արտերկրում գտնվող տղամարդկանց և կանանց, որոնք մեծ զոհաբերությունների գնով ձեռք բերեցին, ինչպես հայրս էր ասում, «մեծ ազատությունը»,- ասել է Մեծ Բրիտանիայի միապետը։

«Սկզբում հեռանկարները մռայլ էին թվում, վերջը՝ հեռավոր, ելքը՝ անորոշ։ Բայց մենք պահպանում էինք այն հավատը, որ ճիշտ ուղու վրա ենք, և այդ հավատը, ինչպես իմ հայրն է նկատել, առաջնորդում էր մեզ առաջ՝ երբե՛ք չհանձնվել, երբե՛ք չհուսալքվել։ Դա՛ էր Հաղթանակի օրվա ուղերձը»,- հավելել է Էլիզաբեթ 2-րդը։

«Եկեք հիշենք նրանց, ովքեր չեն վերադառնա, հիշենք մարտերում ցուցաբերած նրանց հաստատակամությունն ու քաջությունը, նրանց անձնազոհությունն ու տոկունությունն անողոք թշնամու դեմ։ Մենք մոտեցել ենք մեր դժվարությունների ավարտին, և նրանք մեզ հետ չեն մեր ուրախության պահին»,- 75 տարի առաջ իր ելույթում ասել էր թագավոր Ջորջ VI-ը, որի խոսքերը վերհիշել է Մեծ Բրիտանիայի թագուհին։

Էլիզաբեթ 2-րդի խոսքով՝ հոգ չէ, որ բրիտանացիները տոնակատարությունները չեն նշում փողոցներում։

«Մեր փողոցները դատարկ չեն. նրանք լցված են սիրով և հոգատարությամբ, որ զգում ենք միմյանց հանդեպ։ Այսօր, երբ նայում եմ մեր երկրին, տեսնում եմ, որ մենք պատրաստ ենք պաշտպանել և աջակցել միմյանց»,- հավելել է նա։