Շուշիի մշակույթի մեկ դարը. թատրոն (մաս 2)

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ 

1820-1920

Սկիզբը՝ https://livenews.am/press/2020/41410/07/23/56/

Նոր ժամանակների թատերական կյանքը Արցախ աշխարհում սկզբնավորվել է 1865 թ․, երբ թիֆլիսահայ դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Սեդրակ Մանդինյանը տեղական ինքնագործ ուժերի հետ միասին Շուշիի լսարան-ակումբում բեմականացրին «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» և այլ ներկայացումներ, որոնց օրինակով հետագայում, 1868-ից սկսած՝ արդեն Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։ 1882 թ․ օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ բեմի ականավոր վարպետ Պետրոս Ադամյանը (Շեքսպիրի Համլետի դերում)։ 1891-ից Շուշիում սկսել է գործել «Խանդամիրյան» թատրոնը՝ հիմնադրված Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով։ «Խանդամիրյան» թատրոնն ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ։ Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով։ Վարագույրը նկարել է Օ. Շմեռլինգը։ Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով։

«Խանդամիրյան» թատրոնը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891 թ․ հուլիսի 7-ին։ Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ։ «Խանդամիրյան» թատրոնում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Գ․ Ավետյան, Հ․ Զարիֆյան, Հ. Աբելյան, Սաֆրազյան ամուսիններ), հյուրախաղերով այստեղ հանդես են եկել ռուսական, ուկրաինական թատերախմբեր։ Թատրոնը հրդեհվել է 1905 թվականին՝ ազերիների կողմից։ «Խանդամիրյան» թատրոնը մեծապես նպաստել է թատերական արվեստի զարգացմանը Ղարաբաղում։

Թատրոնի երկացանկը բավականին հարուստ է եղել, բեմադրվել են հայ, ռուս, արևմտաեվրոպական գրողների ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, Իբսենի «Ուրվականները», «Նորան», «Դոկտոր Ստոկմանը», Սերվանտեսի «Դոն Քիշոտը», Շիլլերի «Ավազակները», «Խարդավանք և սերը», «Օրլեանի կույսը», Մոլիերի «Ակամա բժիշկը», «Տարտյուֆը», «Սկապենի արարքները», ,«Ագահը», Հյուգոյի «Անջելոն», «Էռնանին», Դյումայի «Քամելիազարդ տիկինը», «Քինը», «Մադամ Սան-Ժենը», «Հայրենիքը», Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը», Զուդերմանի «Պատիվը», «Սոդոմի կործանումը» և այլն։ Հայ և ռուս դրամատուրգներից բեմադրվել են առավելապես Հակոբ Պարոնյանի, Շիրվանզադեի, Պուշկինի, Գոգոլի, Լերմոնտովի, Չեխովի, Օստրովսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի և այլոց դրամատիկական գործերը։

Շարունակելի

Աղբյուրը՝ Գրականության և արվեստի թանգարան