Շուշիի մշակույթի մեկ դարը

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ 

1820-1920

1820-ական թթ․ Շուշին դարձավ արևելահայոց և ողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, ուր լայն թափ ստացավ կրթական-մշակութային կյանքը։ Բերդաքաղաքի հարևանությամբ դեռևս վաղ քրիստոնեական ժամանակներից ի վեր գործում էին հայ մշակույթի պատմության մեջ մեծագույն դեր կատարած այնպիսի նշանավոր հոգևոր կենտրոններ, ինչպիսիք էին Գանձասարի եկեղեցիներն ու մի շարք վանական համալիրներ, որոնցից առաջինում, դեռևս 5-րդ դարասկզբին, հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցը բացեց՝ հայոց գրերը ուսուցանելու նպատակով։ 1822 թ․` Շուշիի խանության վերացումից հետո, մշակութային կյանքը բուն քաղաքում աննախադեպ զարթոնք ապրեց։ 1820-1920 թթ․ ընթացքում Շուշիում գործել են թվով տասը կրթական օջախներ, որոնցից շատերի համբավը դուրս է եկել երկրամասի սահմաններից։ Դրանցից հիշատակման արժանի են Ղարաբաղի հայոց թեմական դպրոցը (1838 թ․), Ղարաբաղու տիրամայր Սուրբ Մարիամու օրիորդաց ուսումնարանը (1864 թ․), Քաղաքային ուսումնարանը (1875 թ․), Ռեալական ուսումնարանը (1881 թ․), Օրիորդաց Մարիամ-Ղուկասյան արքունական գիմնազիան (1894 թ․) և այլն։

Շուշիի հայաբնակ թաղամասերից յուրաքանչյուրը ունեցել է իր կենտրոնը և եկեղեցին։ Շուշիում կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ։ Ուշագրավ շինություն է «Խանդամիրյան թատրոնի» շենքը՝ 350 տեղանոց դահլիճով։ Բնակելի տները 2-3 հարկանի էին՝ շինված կոպտատաշ կրաքարից, իսկ շենքերի անկյունները, բացվածքների շրջանակները, քիվերը, հարդարանքի տարրերը՝ սրբատաշ քարից, միջհարկային ծածկերը՝ փայտից։ Շուշիի բնակելի տները 19-րդ դարի հայկական ժողովրդական ճարտարապետական արժեքավոր նմուշներ են։ Սրբատաշ կրաքարից կառուցված եկեղեցիները հինգն էին՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս․ Աստվածածինը (1816թ․, չի պահպանվել), նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր Ս․ Հովհաննես Մկրտիչը, («Կանաչ ժամ», 1818թ․), Ագուլեցոց Ս․ Աստվածածին (1822թ․), Մեղրեցոց Ս․ Աստվածածին (1838թ․) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868-1887թթ․), որ կենտրոնագմբեթ եկեղեցի է։ Վերջինս իր չափերով հայկական մեծ եկեղեցիներից է։ Ղազանչեցոցը, որպես ճարտարապետական կառույց իր ուրույն տեղն ունի Արցախի շուրջ 60 վանական համալիրների և ավելի քան 500 եկեղեցիների համապատկերում։

Շարունակելի

Աղբյուրը՝ Գրականության և արվեստի թանգարան