Որտե՞ղ են նախագահի այն թեկնածուները, որոնք, համավարակի տարածմամբ «մտահոգված», կոչ էին անում հետաձգել համապետական ընտրությունները

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել հետևել առողջապահության նախարարության հորդորներին՝ համավարակից խուսափելու համար, մասնավորապես ասել է.

«Երեկ մեր հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակման, ցավոք, հերթական երկու դեպքերն են արձանագրվել: Դրանք ահազանգում են այն մասին, որ, չնայած առողջապահության նախարարության հորդորներին, ինքներս մեր հանդեպ շարունակում ենք անփույթ և անպատասխանատու պահվածք դրսևորել: Հանրային վայրերում այս օրերին յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց ստվար խմբերի, որոնք համավարակից պաշտպանվելու գրեթե ոչ մի միջոց չեն կիրառում:

Սիրելի՛ համերկրացիներ, նման պահվածքն ուղղակի անթույլատրելի է: Հորդորս որպես կո՛չ ընդունեք. հանուն ձեր և ձեր հարազատների առողջության պահպանման՝ խստորեն հետևե՛ք սահմանված կանոններին, մի՛ թերագնահատեք համավարակի վտանգավորության աստիճանը:

Սա մեր պետության առջև ծառացած ներքին ամենամեծ մարտահրավերներից է, որի դեմ պետք է լրջորեն պայքարել: Այդ պայքարի առաջամարտիկը մեզանից յուրաքանչյուրն է, և իմ խնդրանքն է, որպեսզի ամեն մեկը սթափ գնահատի իրավիճակը ու ամենայն պատասխանատվությամբ կատարի իր բաժին պարտականությունը՝ նախ սեփական անձի, ապա՝ պետության նկատմամբ:

Ի դեպ, որտե՞ղ են նախագահի այն թեկնածուներն ու քաղաքական ուժերը, նրանց սատարող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները, որոնք, համավարակի տարածմամբ «մտահոգված», կոչ էին անում մեր հանրապետությունում հետաձգել համապետական ընտրությունները: Արդյո՞ք վտանգը միայն ընտրություններով էր պայմանավորված, որ միանգամից դադարեցվել են այդ առթիվ հնչեցվող բոցաշունչ ճառերն ու ելույթները…

Համավարակը քաղաքական չէ, և կարծում եմ՝ համամիտ կլինեք, որ այն շահարկման թեմա դարձնելը, պատվաբեր չէր: Իսկ դրա դեմ զօր ու գիշեր պայքարող մեր բուժաշխատողներին մեկ անգամ ևս հայտնում եմ իմ երախտագիտությունը»:

#պահիր_սոցիալական_հեռավորությունը

#հետևիր_առողջապահական_կանոններին