Արցախի ՄԻՊ-ն առաջարկում է բանակում միջադեպերի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերլուծել են ինքնասպանությունների և միջադեպերի մի քանի դեպքեր, որոնց հիման վրա ներկայացվել են որոշակի առաջարկներ: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջարկում է բանակում միջադեպերի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, իսկ նոր առաջարկներ կլինեն ավելի խոր ուսումնասիրություններ կատարելուց հետո:

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է ՊՆ-ին առընթեր ստեղծել մշտական մասնագիտական հանձնաժողով, հնարավոր է՝ նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որպեսզի նրանք ուսումնասիրեն և միջոցներ առաջարկեն: Կարծում եմ, նաև արդյունավետ կլինի, որ հենց զորակոչման պահին գնահատվի բոլոր զորակոչիկների բարոյահոգեբանական պատկերը, և դա իրենց անձնական գործերում վարվի մասնագիտացված սպաների կողմից, որպեսզի ռիսկերն էլ կանխատեսելի լինեն բանակի կողմից»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով մարտական դիրքերում կատարված աշխատանքներին ու բարեփոխումներին՝ օմբուդսմենը հիշատակեց ջրով ապահովելու աշխատանքն ու սնվելու նոր մասնավոր համակարգի ներդրումը՝ նշելով, որ զինվորների հետ զրույցները ցույց են տալիս, որ դա դրական արդյունք ունի և կարևոր է, որ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները շարունակական լինեն: