Ցեղասպանությունը փոխեց նրանց ճակատագիրը. Արդարադատության զավակները

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո նոր կառավարությունը դաշնակիցների պնդմամբ որոշեց դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ու «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին՝ Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար, և 1918 թ. նոյեմբերի 11-ին սկսեց հետաքննությունը: Բանն այն է, որ Թուրքիան վախենում էր միջազգային դատաստանից, որի դեպքում ամբողջ երկիրը կարող էր պատասխանատվության ենթարկվել, ուստի շուտափույթ նախաձեռնեց Ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերին դատական ատյանների առաջ կանգնեցնելու գործընթացը: Սակայն երիտթուրքական գլխավոր հանցախումբը (Մեհմեդ Թալեաթ, Իսմայիլ Էնվեր, Ահմեդ Ջեմալ, Բեհաէդդին Շաքիր, Մեհմեդ Նազըմ, Օսման Բեդրի և Հուսեյն Ազմի), դեռևս 1918 թ. նոյեմբերի 1-ին գերմանական ռազմանավով ճողոպրել էր Թուրքիայից: Ելնելով այս հանգամանքից՝ 1919 թ. հուլիսի 5-ին թուրքական դատարանը, առաջնորդվելով Օսմանյան կայսրության քրեական օրենսգրքի 45-րդ, 55-րդ և 170-րդ հոդվածներով, Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և դոկտոր Նազըմին հեռակա կարգով մահապատժի դատապարտեց:

Այդ ժամանակ մարդասպանների ու ցեղասպանների հանդեպ արդարադատությունն իրագործելու առաքելությունն իրենց ուսերին առան սպանված հայերի վերապրած զավակները:

1919 թ. աշնանը (28 սեպտեմբերի – 2 նոյեմբերի) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գումարվեց ՀՅ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը, որի 100-ամյակը լրացավ 2019 թվականին: Խիստ գաղտնի պայմաններում ՀՅԴ Ընդհանուր ժողովը որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին: Գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որը հայտնի է «Նեմեսիս» անունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:

Դրա ծրագրման ու կենսագործման անմիջական պատասխանատվությունը և վերահսկողությունը դրվեց ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ ճանաչված գործիչներ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) վրա: Հատուկ մարմնի կազմում ներգրավվեցին Հայոց ցեղասպանությանը ականատես դարձած երիտասարդներ, ովքեր ունեին մարտական հարուստ փորձառություն, ֆիզիկական և հոգևոր պատրաստվածություն՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թորլաքյանը և ուրիշներ:

Արմեն Գարոյի հոշոտված սիրտը չդիմացավ

1896 թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունու հետ Արմեն Գարոն կազմակերպել է Օտոմանյան միջազգային բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի: Հարձակումը տեղի ունեցավ մոտ ժամը 13:00-ին, ինքը՝ Գարոն, բանկի մոտ էր հայտնվել գործողությունը սկսելուց դեռ 10 րոպե առաջ: Նրա գլխավոր առաջադրանքը բանկային ծառայողների և այցելուների փախուստը խոչընդոտելն էր:

Բաբկեն Սյունու մահից հետո Գարոն սկսեց ղեկավարել խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան դաշնակցականները լքեցին Օտոմանյան բանկը՝ ռուս դեսպան Մաքսիմովի երաշխիքով: Նրանք ֆրանսիական շոգենավով հեռացան Մարսել:

Գարոն արտաքսվեց Շվեյցարիա, որտեղ էլ ուսանեց Ժնևի համալսարանում և 1900 թ-ին ստացավ բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան: Երիտթուրքական հեղաշրջումից հետո՝ 1908 թ., Կարինից ընտրվեց թուրքական խորհրդարանի անդամ:
Կամավորական 2-րդ ջոկատի կազմում Արմեն Գարոն 1914 -ի աշնանը մասնակցում է Բայազետի ճակատամարտին, իսկ 1915-ի ամռանը՝ Վանի ինքնապաշտպանությանը: 1917 թ. որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնում է ԱՄՆ: Այնուհետև ԱՄՆ-ում նշանակվում է ՀՀ դեսպան:
Հայոց ցեղասպանությունն Արմեն Գարոն շատ ծանր է տանում, վատթարանում է նրա առողջական վիճակը: Հայաստանի Առաջին Հանրապետության անկումն ավելի է խորացնում նրա հիվանդությունը: Արմեն Գարոն 1923 թ-ի մարտի 23-ին սրտի հիվանդությունից վախճանվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: 

Միսաք Թոռլաքյանն ազատ արձակվեց մտավոր խանգարման համար

Ըմբոստ ու խիզախ բնավորություն ունեցող Միսաքը դեռ պատանի հասակից մասնակցել է հայ ազատագրական, հակաթուրքական պայքարին: 1920-ին Միսաքը, ընդգրկվելով վրիժառու խմբի մեջ, մեկնում է Կ. Պոլիս, որտեղ էլ հաշվեհարդար է տեսնում Բեհբութ խան Ջիվանշիրի հետ:

1921-ի հուլիսի 18-ի երեկոյան Ջիվանշիրին սպասարկող երկու ինքնաշարժները կանգ են առնում Պոլսի հյուրանոցներից մեկի առջև: Նրանցից դուրս են գալիս Ջիվանշիրը և մի քանի հոգի՝ մտնելով հյուրանոց: Քիչ անց բոլորը դուրս են գալիս հյուրանոցից և մտնում մոտակա «Փըթի Շանի» պարտեզը: Միսաքը և Երվանդը նույնպես մտնում են պարտեզ, որը լի էր բազմությամբ: Թե այնուհետև ինչպես է իրագործվել գործողությունը, ներկայացրել է հենց ինքը՝ Միսաքը. «Կասկածեցի, որ կարող է խուսափել և հեռանալ, ուստի արագ կարողացա հասնել, ու մինչ կմտներ հյուրանոց, քաշեցի ատրճանակս և փոխանակ խփեի գլխին, փողը դեմ տվեցի կողքին և կրակեցի: Առաջին հարվածից չընկավ, ընդհակառակը՝ ուղղվեց և կարողացավ երկու ձեռքերս ամուր բռնել: Ձեռքերս բռնելը շատ լավ եղավ ինձ համար, որովհետև դարձավ դեմքով դեպի ինձ, կուրծքը՝ առաջս: Այս անգամ երկու գնդակ արձակեցի ուղղակի կրծքին, և նա վայր ընկավ: Այդ պահին ականջիս հասավ Ջիվանշիրի ձայնը, որը բղավում և օգնություն էր կանչում: Մեջս կասկած առաջացավ, որ մեռած չէ, վերադառնամ, որ վերջացնեմ: Հետ դարձա դեպի ոճրագործը: Ատրճանակը ձեռքիս տեսնելով` բոլորն էլ հետ քաշվեցին: Մոտեցա և գետնին փռված Ջիվանշիրի գլխին գնդակ տվեցի: Մեկ գնդակ էլ պարպեցի կրծքին, ապա նայեցի շուրջս և տեսա 45 ոստիկան, որոնք փակել էին փողոցի այն անկյունը, որտեղից կարող էի փախուստ տալ… Ինձ բռնեցին թուրք ոստիկանները, այնուհետև հասան ֆրանսիացի ոստիկանները և վերցրին ատրճանակս»:

Թոռլաքյանի դատավարությունն սկսվեց Կ. Պոլսի Հարպիեի նախկին զինվորական դատարանի դահլիճում: Երկու շաբաթ անց՝ 1921-ի հոկտեմբերի 6-ին ստացված դատավճռում գրված էր. «Ամբաստանյալը հանցավոր է սպանության համար, սակայն ատյանը գտնում է, որ նա պատասխանատվություն չի կրում իր գործած հանցանքի համար, քանի որ այն կատարելու պահին ունեցել է մտավոր խանգարում»: Միսաք Թոռլաքյանն ազատ արձակվեց, բայց աքսորվեց Հունաստան, որտեղից էլ անցավ Ռումինիա՝ այնտեղ մնալով մինչև 1941 թ.: Այնուհետև մեկնեց ԱՄՆ, որտեղ էլ մահացավ 1968-ին՝ 80 տարեկան հասակում: Մինչ մահը նրան էր այցելում և օրհնում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: 

Արշավիր Շիրակյան. Թալեաթի կինը թիրախ չէր

20-ամյա Արշավիրը կամավոր է ներկայացել «Նեմեսիսի» պատասխանատու մարմնին և առաջարկել, որ իրեն հանձնարարեն հայազգի թուրքական ոստիկան, մատնիչ Վահե Իհսանին պատժելու գործը:

Պատասխանատու մարմնի որոշմամբ՝ Արշավիրն ուղարկվում է Հռոմ:
Արշավիրին հաջողվում է գտնել Սայիդ Հալիմի բնակարանը, ճշտորեն ուսումնասիրել նրա սովորությունները և երթևեկները: 1921 թ. դեկտեմբերի 5-ի ցերեկվա ճիշտ ժամը 1-ին փաշան սովորականի պես դուրս է գալիս տնից և կառքով մեկնում զբոսանքի: Երկու ժամ հետո պետք է վերադառնար: Ճիշտ ժամանակին լսվում է ձիակառքի զանգուլակների ձայնը, և երևում է կառքը: Արշավիրը մի ոստյունով ցատկում է կառքի ոտնատեղի վրա: Փաշայի՝ սարսափով պատված աչքերը հանդիպում են վրիժառուի աչքերին: Ակնթարթորեն ատրճանակն ուղղելով փաշայի քունքին` Արշավիրը կրակում է: Լսվում է մի խռպոտ ձայն, և Սայիդ Հալիմ փաշան տապալվում է կառքի մեջ, իսկ նրա թիկնապահն ու կառապանը վախից «մեխվում են» տեղում: Վրիժառուն կարողանում է հետքը կորցնել և բարեհաջող հեռանալ:

1922-ի փետրվարին վրիժառուների խումբը (Արշավիր Շիրակյան և Արամ Երկանյան) ժամանում է Բեռլին` պատժելու երիտթուրքերի գաղափարախոս, Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Բեհաէդին Շաքիրին, և Տրապիզոնի ճիվաղ կուսակալ Ջեմալ Ազմիին:

1922 թ. ապրիլի 17-ին՝ մեռելոցի օրը, թուրքերը հավաքույթ ունեին: Նրանք ճաշկերույթի էին հրավիրված Կ. Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի Բեյի տանը: Պատեհ առիթը ստեղծված էր… Վերջապես հյուրերը դուրս եկան տնից: Կտրելով փողոցը` Արշավիրն ու Արամն անցան դիմացի մայթը և հայտնվեցին նրանց թիկունքում: Առաջինը խմբի վրա գրոհեց Արշավիրը: Նա մի ուժգին հարվածով գետին տապալեց Թալեաթի կնոջը, ով սաստիկ ճիչ արձակեց: Իսկ պատճառն այն է, որ հայ երիտասարդը չէր ցանկանոմ կնոջ վրա ևս կրակել, նրան հրելով հեռացրեց ցեղասպաններից: Այդ ճիչի վրա Ջեմալ Ազմին շրջվեց և տեսավ իրեն ուղղված ատրճանակը. Ջեմալ Ազմիի անշնչացած մարմինը փռվեց մայթին: Երկրորդ գնդակն Արշավիրն ուղղեց Շաքիրի ճակատին, բայց գնդակը մխրճվեց նրա այտի մեջ: Շաքիրը դեռ ոտքի վրա էր և փորձում էր հանել ատրճանակը, սակայն այդ պահին թիկնապահին զինաթափած Արամը վրա հասավ և կրակեց ճիվաղի գլխին:

Արամ Երկանյան

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ Արամ Երկանյանը ծնվել է 1900 -ին Կարինում: Որպես դասակի հրամանատար մասնակցել է Բաշ-Ապարանի ճակատամարտին: «Նեմեսիս» գործողության շրջանակում Արշավիր Շիրակյանի հետ Բեռլինում ոչնչացրել է Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:
Թիֆլիսում Արամ Երկանյանի ձեռքով են պատժվել նաև Բաքվի հայության ջարդարարներ Ղասիմբեկովը, Խաս-Մահմեդովը, Սարաֆովը: 

Արտաշես Գևորգյան

1922-ին հուլիսին Մոսկվայից Անկարա գնալու ճանապարհին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշան կանգ է առնում Թիֆլիսում: Ճակատագրի բերումով նույն ամսին Թիֆլիսում էին գտնվում նաև խոտորջուրցիներ Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը, ինչպես նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը, ովքեր և կազմակերպում ու իրականացնում են Ջեմալի սպանությունը:

Թիֆլիսի Պուշկինսկի փողոցում արդեն գործելու պատրաստ Արտաշեսն ու Պետրոսը մոտենում են Ջեմալին և նրա 2 ուղեկիցներին: «Փաշա՜, փաշա՜… Հիշի՛ր Ուրֆան և Դեր Զորը»,- գոչում է Արտաշեսը և կրակում նրանց վրա: Երեքն էլ անմիջապես ընկնում են: Պարզ է՝ մահը վայրկենական է:

Արտաշեսն ու Պետրոսը մնացին ազատության մեջ, սակայն 1936-ին Ստալինի կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնելու անհիմն ու անհեթեթ մեղադրանքով ձերբակալվեցին և գնդակահարվեցին 1937 թ.: Նրանք 1957 թ. դատարանի որոշմամբ արդարացվել են:

Աղբյուրը՝  http://www.ysu.am/newspaper/hy/1383132949?fbclid=IwAR34_PN4d54cDLe7icBSpOFnvUmkTOHx4Y6zknK6xDJnJ5966KJz5P8Lz2g#.XqLm_ykzbIV