Ի՞նչ է ակնարկել ամերիկացի գեներալ Միլին…

Վերջերս անդրադարձել էինք այն թեմային, որ ԱՄՆ-ում զինված ուժերի կողմից իշխանությունը զավթելու մշակված ծրագիր գոյություն ունի։ Եվ ահա ապրիլի 15-ին Վաշինգտոնը երկիմաստ հաղորդագրություններ է տարածել, որոնք նման սցենարի հնարավոր ապացույցներ են պարունակում: Պարզվում է, որ ԱՄՆ զինված ուժերը արժանահավատ չեն համարում այն վարկածը, որ Covid-19 վիրուսը ծագել է Չինաստանի հետազոտական ​​լաբորատորիաներից մեկում: Դրանից առաջ ԱՄՆ-ում կրկին հայտնվել են հաղորդագրություններ, որ ամերիկացի պաշտոնյաները իբր երկու տարի առաջ նախազգուշացրել են չինական Ուհան քաղաքում՝ կորոնավիրուսային համավարակի էպիկենտրոնում, գտնվող հետազոտական ​​հաստատությունում անվտանգության ռիսկի մասին, այս մասին ապրիլի 15-ին հաղորդել է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը։

«Մենք ունեինք մեծ քանակությամբ հետախուզական տվյալներ, որոնք թույլ են տալիս մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը,- ապրիլի 14-ի երեկոյան լրագրողներին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի (ՇՊՄԿ, այսինքն՝ Գլխավոր շտաբ) ղեկավար գեներալՄարկ Միլին: – Այս պահի դրությամբ նման վարկածն արժանահավատ չէ, առկա տվյալները մատնանշում են կորոնավիրուսի բնական ծագման վրա, բայց մենք հաստատ չգիտենք»: Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ «Վաշինգտոն փոստ» թերթը կրկին հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները անհանգստացած էին Ուհան քաղաքի լաբորատորիաներում անվտանգության ոչ պատշաճ պայմաններով, որտեղ չղջիկների վրա կորոնավիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում»: Ըստ այդ թերթի՝ լաբորատորիա այցելող ԱՄՆ պաշտոնյաները դիվանագիտական ​​հեռագրեր են ուղարկել Վաշինգտոն, որոնցում հայտնել են լաբորատորիաներում անվտանգության և կառավարման համակարգում առկա թերությունների մասին, ինչպես նաև այն մասին, որ աշխատանքը կորոնավիրուսի ուսումնասիրման ուղղությամբ զուգորդվում է համաճարակի սպառնալիքով: Փաստորեն ԱՄՆ գլխավոր շտաբի պետ գեներալ Միլին կասկածի տակ է դնում ամերիկացի դիվանագետների «եզրակացությունները» և ոչ միայն դրանք:

Հայտնի է, որ ԱՄՆ բարձրագույն քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, մինչև վերջերս Covid-19-ը համառորեն անվանում էին «չինական» կամ «ուհանական վիրուս», որին պաշտոնական Պեկինը արձագանքում էր ծայրահեղ բորբոքվածությամբ: Եվ ԱՄՆ-ի, և Չինաստանի միջև իսկական տեղեկատվական պատերազմ  է սկսվել կորոնավիրուսի շուրջ, որի ընթացքում Պեկինը գրեթե բացահայտորեն մեղադրում էր ԱՄՆ զինված ուժերին այդ վիրուսը ՉԺՀ «բերելու» համար: Ավելի վաղ Covid-19-ի արհեստական ​​ծագման վերաբերյալ ակնարկներ և նույնիսկ մեղադրանքներ են եղել ուղղված հենց ԱՄՆ հասցեին, ընդ որում՝ Իրանի կողմից: Ինչպես արդեն հաղորդել ենք, Իրանում պաշտոնատար անձինք (սկսած Գերագույն առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեիից) և իրանցի գեներալները չեն դադարում պնդել, որ կորոնավիրուսը կարող է լինել «կենսաբանական զենքի ամերիկյան մշակումը»: Իսկ հիմա արդեն նաև Ռուսաստանի ԱԳՆ-ը (ապրիլի 17-ին) հայտարարեց. «Վտանգավոր հիվանդությունների պաթոգենների մշակումը կարող է իրականացվել արտասահմանում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներում: Ռուսաստանի ԱԳՆ-ը նշում է Միացյալ Նահանգների՝ նախկին Խորհրդային հանրապետություններում կենսաբանական ներկայության ուժեղացումը: Ռուսաստանի ԱԳՆ-ը չի բացառում, որ ամերիկացիները երրորդ երկրներում աշխատում են տեղեկատու (ռեֆերենս) լաբորատորիաներում՝ վտանգավոր հիվանդությունների տարբեր պաթոգեններ ստեղծելու նպատակով, ներառյալ՝ ռազմական նպատակներով»:

Փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված ամերիկացի գեներալ Միլիի՝ «կորոնավիրուսի բնական ծագման» վերաբերյալ խոսքերի հետևում: Առաջին նպատակը ակնհայտ է` խարխլել հակաամերիկյան քարոզչության ալիքը, որը տարածվում է Covid-19 համավարակի հետ կապված, հատկապես Իրանից և Չինաստանից: Կարելի է սպասել, որ որոշ ժամանակ անց ամերիկացիները կփորձեն կրկին համոզել աշխարհին, որ այս վիրուսը ենթադրաբար «չղջիկներ ուտելու» հետևանք է և այլն: Բայց դա հիմարություն կլինի. Չինաստանում կարանտինը հանվել է, շուկաներում կրկին վաճառում են տարբեր տեսակի վայրի կենդանիներ: Այսպիսով, այն հարցի պատասխանը, թե ինչպիսին կարող են լինել ԱՄՆ Պենտագոնի նպատակները, առայժմ անհասանելի է: Այնուամենայնիվ նկատելի է հետևյալը. գեներալ Միլին փաստացի զրկում է նախագահ Թրամփին և պետքարտուղար Փոմպեոյին «չինական վիրուսի» մասին իրենց «սիրած հեքիաթից»: Այսպիսով, մենք ստանում ենք մի պատկեր, որը մոտավորապես հաստատում է «Newsweek» ամսագրի կանխատեսումը այն մասին, որ կորոնավիրուսի պատրվակով զինված ուժերը կարող են տիրանալ իշխանությանը ԱՄՆ-ում: Չէ՞ որ ի դեմս գեներալ Միլիի՝ Պենտագոնը բացահայտորեն դեմ է արտահայտվել Վաշինգտոնի բարձրագույն քաղաքական իշխանությանը:

Սերգեյ Շաքարյանց