Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց այսօրվա Թուրքիայի հերոսին ու սրբին, որին պաշտում են հայերին ոչնչացնելու համար

20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված հրեշավոր ոճրագործությունը, որի ժամանակ Արևմտյան Հայաստանի 2 մլն բնակչությունից 1,5 մլն-ի կյանքն ընդհատվեց բռնագաղթի ճանապարհներին, սրախողխող եղավ, բռնաբարվեց ու սպանվեց, ոճրագործությունը, որի նպատակը հային աշխարհի երեսից ոչնչացնելն ու նրա բնօրրանը զավթելն էր, սեփականելն ու հզոր, անծայրածիր Թուրանի ծրագիրը կյանքի կոչելը, մինչև այսօր արժանի պատիժն ու հատուցումը չի ստացել: Հայաստանը 105 տարի անց էլ սպասում է աշխարհի կողմից այդ հրեշավոր հանցագործության դատապարտմանը, Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու մարդկության դեմ իրագործված նման ոճրագործութունների նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի անկողմնակալ, անշահախնդիր, անհանդուրժող վերաբերմունքին: Այն, որ այսօր Թուրիքայի հետ հզոր գերտերությունները հաշվի են նստում անգամ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում. Թուրքիան դեռ կարողանում քաղաքական շանտաժով ու քաղաքական կաշառքով հզոր պետություններին լռություն պարտադրել: Բայց կարծես թե ժամանակը այդ պետության դեմ է աշխատում, քանի որ տարեցտարի ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում ու դատապարտում 1915 թվականին և դրանից հետո հայերի նկատմամբ կատարվածը, պետությունների օրենսդիր մարմիններում դատապարտող նախագծեր են ընդունվում, պատգամավորներն ու կոնգրեսականները բարձրաձայն արտաբերում են Ցեղասպանություն բառը և Թուրքիայի վրա մատ թափ տալիս:

Աշխարհի սթափեցման գործը երկար է տևել ու մեծ ջանքեր արժեցել հայերիս համար: Ի վերջո պետք է ընդունենք, որ Եվրոպան, ԱՄՆ-ը, Արևմուտքն ընդհանրապես հայերի ցավին հաղորդակից դարձավ միայն այն ժամանակ, երբ ցեղասպանվածների սերունդները դա կարողացան պարտադրել իրենց վրիժառության շնորհիվ: Թեև դա ի՞նչ վրիժառություն էր, հայ երիտասարդների կողմից Ցեղասպանության կազմակերպիչներին ու մասնակիցներին գնդակահարելու գործողությունները իրականում ոչ թե վրիժառություն էին, այլ արդարության վերականգնում: Հիշենք, որ թուրքական իշխանությունները վախենալով Եվրոպայի կոշտ արձագանքից ու դատապարտումից՝ կեղծ դատավարություն իրականացրին թուրք ոճրագործների նկատմամբ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Մուդրոսի հրադադարով  1919թ. գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ մահվան դատապարտվեցին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները, սակայն ընդունված որոշումները հեռակա կարգ ունեին և երիտթուրքական կառավարության պարագլուխները խուսափեցին այդ վճռի իրականացումից: Մահապատժի ենթարկեցին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին և դոկտոր Նազըմին և էլի 20 մարդասպանի: Բայց այդ դատավճիռներից միայն երեքն ի կատար ածվեցին, իսկ մյուս դատապարտվածները թուրքական իշխանությունների հովանավորությամբ փախան Եվրոպա՝ ծպտվելով եվրոպական տարբեր պետություններում: Ճակատագրի հեգնանք էր. այն Եվրոպան, որը ապաստան էր տվել հարյուրհազարավոր վերապրածների, դռները բացեց նաև մարդասպանների համար: Տարիներ անց նրանց մահապատիժն ի կատար ածեցին արդարադատության զինվորագրվածները «Նեմեսիս» գաղտնի գործողությամբ: Ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք ղեկավարների մահապատիժն իրագործողները բոլորն էլ «Նեմեսիսի» անդամներ էին:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

«Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»:
Արմին Թեոֆիլ Վեգներ

Սողոմոն Թեհլիրյանի ընտանիքի մեծ մասը կոտորվել էր բռնագաղթի ճանապարհին, և իր հարազատների ու հայրենակիցերի սպանդի ականատեսը լինելով՝ նա էպիլեպսիա հիվանդությունն էր փեռք բերել:

Սողոմոնը Երզնկա գավառի Ներքին Բագառիճ գյուղից էր, ծնվել էր 1896 թվականի ապրիլի 2-ին: Խաչատուր և Հնազանդ Թեհլիրյանների ընտանիքում նա չորս եղբայրներից ամենակրտսերն էր: 1898-99 թթ. Թեհլիրյանների բարեկեցիկ ընտանիքը Բագառիճից տեղափոխվել էր Երզնկա հայաշատ քաղաքը: Սողոմոնն ուսանում էր տեղի բողոքական (1905-06), ապա` Կեդրոնական վարժարանում (1907-1911): 18-ամյա Սողոմոնը 1914 թվականին տեղափոխվում է Սերբիա, որտեղ աշխատում էին հայրն ու հորեղբայրը: Նա սերբական Վալևո քաղաք է հասնում այն օրը, երբ Սարաևոյում ուսանող Գաբրիել Պրինցիպը սպանում է Ավստո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը Առաջին Աշխարհամարտը սկսելու առիթը դարձավ:
Եվրոպայի և Ամերիկայի հայության շրջանում սկսվում է անդամագրությունը հայ կամավորական ջոկատներին: Բալկաններում ապրող մի խումբ հայ երիտասարդների հետ Սողոմոնը 1915 թ. սկզբին գալիս է Թիֆլիս, որտեղ անդամագրվում է զորավար Անդրանիկի հայ կամավորական 1-ին ջոկատին: Նա մասնակցում է Սեպուհի 250 հոգանոց վաշտի կռիվներին:

1915 թ. հունիսին Թեհլիրյանը հայ կամավորների հետ մտնում է Վան և ականատես լինում տեղի հայության բռնագաղթին: Նա հազարավոր հայ գաղթականների հետ հասնում է Իգդիր, այնտեղից էլ՝ Երևան: Իր հուշերում Ս. Թեհլիրյանը գրում է. «Յանկարծական նահանջը անհնար էր դարձրել կանխապատրաստութիւն տեսնել նման բազմութիւն ընդունելու համար: Տեղ չկար, բավարար քանակութեամբ հաց, տաք սնունդ, բժշկական օգնութիւն չկար, այնինչ գաղթականների մեծ մասը հիւանդ էր»:

Այդ նույն ժամանակ` 1915թ. հուլիսի սկզբին, սկսվեց Երզնկայի հայ բնակչության կոտորածն ու տեղահանությունը: Թեհլիրյանների 85 հոգանոց գերդաստանից փրկվում են միայն նրա ավագ եղբոր` Միսաքի դուստրը՝ Արմենուհին, ում հետագայում հայտնաբերում են քրդերի մոտ: Փրկվեցին նաև Սերբիայում արտագնա աշխատանքի մեկնած Սողոմոնի հայրը՝ Խաչատուրը, եղբայրները՝ Միսաքը, Սեդրակը և հորեղբայրը՝ Օսկիանը: Իսկ մյուսները կոտորվեցին գաղթի ճանապարհին:
1916 թ. Սողոմոնը գալիս է Երզնկա, որն այդ ժամանակ գրավված էր ռուսական զորքերի կողմից, այն հավատով, որ կգտնի իր ընտանիքի կորցրած անդամներին: Երբեմնի հայաշատ քաղաքի ավերակների մեջ նա դժվարությամբ է գտնում հայրական տունը: Ավերված և դատարկված տան մեջ Թեհլիրյանը հոգեկան խորը ցնցում է ունենում և ուշագնաց ընկնում: Այս դեպքը հետագայում՝ դատաքննության ժամանակ, նրա մոտ ախտորոշված ընկնավորության (էպիլեպսիա) երկրորդ դրսևորումն էր (առաջին անգամ նա ուշագնաց եղավ 1915 թ. հուլիսին, Երևանում): «Հանկարծ ինձ թվաց, թե լսում եմ աղիողորմ ճիչեր, սարսափի ու ցավի աղաղակներ, խեղդված աղերսներ, խելագարության ու հոգեվարքի գոչյուններ, արյան տաք հոտ եմ զգում։ Մղձավանջով համակված շրջվեցի, որ փախչեմ, ոչինչ չտեսնեմ ու չլսեմ, գլուխս պտտվեց, ընկա։ Երազիս մորս տեսա»։

Դրանից հետո ջղագարության նոպաները հաճախ կկրկնվեն։ Ու միշտ երազում կտեսնի մորը…

Երզնկայում Սողոմոնը միանում է Սեբաստացի Մուրադի ջոկատին և մասնակցում Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին: 1918 թ. ապրիլի 6-ին Կարաքուրդի կիրճում` Սարիղամիշի մոտ, Թեհլիրյանը հրազենային վնասվածք է ստանում և ապաքինվելու համար տեղափոխվում Թիֆլիս:

1918 թ. դեկտեմբերին Ս. Թեհլիրյանը ժամանում է Կ. Պոլիս` գտնելու մատնիչ Հարություն Մկրտչյանին, որի կազմած «սև ցուցակի» համաձայն Թալեաթը հրամայեց 1915 թ. ապրիլի 24-ին աքսորել Կ. Պոլսի հայ քաղաքական և մշակութային վերնախավին: 1919 թ. փետրվարին նա գնդակահարում է հայազգի մատնիչին Կ. Պոլսում: Մինչև այսօր դեռ հստակ չէ Հարություն Մկրտչյանի սպանությունը «Նեմեսիսի» շրջանակո՞ւմ էր, թե դա Թեհլերյանի անձնական նախաձեռնությունն էր: Բանն այն է, որ նա ավելի ուշ է ընդգրկվում այդ ծրագրում ու ծանոթանում գործողության ղեկավարների ու անդամների հետ, բայց չի բացառվում, որ դա հեռակա կարգով նրան տված ստուգիչ հանձնարարություն լիներ:

Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, անդրադառնալով հայ մատնիչ-դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությանը, գրում է, որ նրան մահապատժի ենթարկելը իր սեփական նախաձեռնությունն է եղել. «Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարությունը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել…»: Ս. Թեհլիրյանը դավաճանի գործունեությանն ու նրա բնակության վայրին ծանոթանում է Կ. Պոլսում 1919 թ. սկզբին «Ճակատամարտ» թերթի աշխատակից Երանուհի Դանիելյանի միջոցով, որը հետագայում առանցքային դերակատարություն է ունենում Թեհլիրյանին Հատուկ գործում ներգրավելու հարցում: Սակայն մատնիչի սպանությունը նպաստեց նրան, որ Ս. Թեհլիրյանն ընդգրկվեց Հատուկ գործի մեջ:

1919 թ. վերջին Թեհլիրյանն ուղևորվում է ԱՄՆ, որտեղ էլ արդեն ծանոթանում է հայտնի քաղաքական գործիչ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյանի) հետ և նրա կողմից ընդգրկվում «Նեմեսիս» գործողության մեջ: Դեռ 1919 թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ ժողովում խիստ գաղտնիության պայմաններում որոշվել էր մահապատժի ենթարկել հայերի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպած երիտթուրք հանցագործներին, ովքեր, Թուրքիայից փախուստի դիմելով, խուսափել էին թուրքական դատարանից: 650 հանցագործներից ընտրվել էր 41 թիրախ. ցուցակում առաջինը Թալեաթն էր: Վրեժխնդրական գործողության համար ընտրվեց հունական դիցաբանության վրեժի և արդարադատության աստվածուհու՝ Նեմեսիսի անունը:
Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի դատաստանը տեսնելու գործը հանձնարարվեց Սողոմոն Թեհլիրյանին, որն էլ 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարեց նրան: Վերջինս, փոխելով արտաքինը և անձնական տվյալները, ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել (Բեռլինում Թալեաթն ապրում էր Ալի Սալիհ անունով): Բայց երկար չկարողացավ թաքնվել, «Նեմեսիսին» անդամագրվածները կարողացան հայտնաբերել Թալեաթի տեղը և դրա մասին տեղեկացնել Թեհլիրյանին:

Թալեաթին հուղարկավորեցին մահվան միայն 5-րդ օրը, քանի որ թուրքական նոր իշխանություններն արգելեցին նրան թաղել հայրենիքում: Բեռլինում նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր… 1943 թ. Թալեաթի աճյունը Հիտլերի հրամանով հանդիսավորությամբ տեղափոխվեց Ստամբուլ: Այս պատմությունը, թվում է, այսպիսով էլ պիտի ավարտվեր, եթե շատ տարիներ անց Թուրքիայում Թալեաթ փաշային չհիշեին, ավելին՝ Ցեղասպանությունը ժխտելու, հակահայկական մոլագարությանը հագուրդ տալու համար ազգային հերոս չդարձնեին։ Ոճրագործի աճյունը մեծարանքներով Ստամբուլ տեղափոխեցին, Անմահության բարձունքում հողին հանձնեցին, նրա անունով փողոցներ, հրապարակներ կոչեցին, արձանը կանգնեցրին։ Նրա՝ ում գլխավորած կառավարությունը ամոթալի պարտություն էր կրել Առաջին աշխարհամարտում, կուսակցությունը պախարակվել, օրենքից դուրս էր հռչակվել։ Ի՞նչ էր ուրեմն Թալեաթն արել իր երկրի ու ժողովրդի համար, որ հետմահու նման փառքի էր արժանանում։ Միայն մի բան՝ ամբողջ Անատոլիայում, այսինքն` Արևմտահայաստանում հայ չէր թողել…

Սողոմոն Թեհլիրյանը հուշերում գրում է. «Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քալերով բաւական յառաջացայ. անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ…» :

Հայ վրիժառուն ձերբակալվում է գերմանական ոստիկանության կողմից: Դատավարության ընթացքում (Բեռլին, 2/3-ը հունիսի, 1921 թ.) վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Թեհլիրյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Նրա դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամանները: Բերված փաստերի ու վկայությունների արդյունքում 1921թ. հունիսի 3-ին Բեռլինում գերմանական դատարանը արդարացրեց Սողոմոն Թեհլիրյանին:
Թեհլիրյանի գործում գերմանացի հումանիստ Ա. Վեգների բնութագրմամբ «ոչ թե սպանողն էր մեղավոր, այլ` սպանվողը»:

Ս. Թեհլիրյանի դատավարությունը բավականին մեծ հասարական-քաղաքական արձագանք ունեցավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ՝ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:
Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլիրյանի դատական գործը ճակատագրական նշանակություն ունեցավ: Տարիներ անց արդեն փորձառու իրավաբանը ստեղծեց «գենոցիդ» եզրույթը և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:
Դատավարությունից հետո Ս. Թեհլիրյանը բնակություն է հաստատել Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սողոմոն Մելիքյան, ունեցել սեփական գործը: 1950-1955թթ. ապրել է Կասաբլանկայում (Մարոկկո), 1955-57թթ. ՝ տեղափոխվել է Փարիզ, այնտեղից էլ 1957թ.՝ Սան-Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին: Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում: Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:
Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից Սողոմոն Թեհլիրյանն ուներ 2 որդի` Զավեն և Շահեն:

Պատրաստեց Թագուհի Ասլանյանը

Թեհլիրյանի մասին տեղեկությունները վերցված են «Հայոց Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պահոցից