Ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր պահանջում են, որ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»,- նշված է նամակում։
2019 թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: