Մարդկությունը պետք է տեղեկացված լինի Հայոց ցեղասպանության ողբերգության մասին, որպեսզի թույլ չտա նման պատմության կրկնությունը. Գուոդա Բուրոկիենե

Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Գուոդա Բուրոկիենեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, արդեն ավելի քան հարյուր տարի շարունակ, ողջ աշխարհի հայությունը և ամբողջ առաջադեմ հասարակությունը ոգեկոչում են տխուր մի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ 1915-1916թթ․ մոտ 1,5 մլն հայեր զանգվածային կոտորածների և տեղահանությունների զոհը դարձան։ Դա 20-րդ դարի ամենամեծ զանգվածային վայրագություններից էր, որն անթիվ կորուստներ պատճառեց ողջ հայ ազգին։ Այս ողբերգությունն, այնուամենայնիվ, չի մոռացվել։

Լիտվան, շատ այլ երկրների պես, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մարդկությունը պետք է տեղեկացված լինի այս ողբերգության մասին, որպեսզի թույլ չտա նման պատմության կրկնությունը։ Հայերը, ովքեր այս ողբերգության պատճառով սփռվեցին ողջ աշխարհով մեկ, կառուցում են ակտիվ համայնքներ, որոնք ամուր կապեր են հաստատում և վառ պահում իրենց պատմությունը։

Համավարակի դեմ գլոբալ պայքարի և սոցիալական մեկուսացման այս դժվարին պայմաններում մենք պետք է պահպանենք միություն, ցուցաբերենք միջազգային համերաշխություն և վառ պահենք մեր պատմական հիշողությունը։ Օգտվելով առիթից՝ իմ սիրելի ընկերներ, հղում եմ ամուր առողջության, հույսի և համբերության իմ մաղթանքները»,- ասված է ուղերձում։