«Վերելք». Փրկությունը մերիտոկրատական համակարգ հիմնելն է, հյուրը՝ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր, իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսելով մեր ժողովրդի վարքում նկատվող, պետության կայացմանը խոչընդոտող երևույթների մասին, նկատում  է, որ հասարակության ախտերից մեկը «ամեն մարդ իրա դարդին» ձևակերպմամբ գրեթե համազգային կաղապարի մեջ ամփոփված և բյուրեղացած արատավոր սկզբունքն է, որը համակարգային մտածողության պակասությունից կամ միգուցե ընդհանրապես բացակայությունից է գալիս և հանգեցնում է քաոսի ու տարերայնության գերակայության։ Նրա կարծիքով, ցանկացած նույնիսկ վատ համակարգ ավելի լավն է, քան անկառավարելի քաոսը կամ տարերքը, որովհետև համակարգը կանխատեսելի է, իսկ քաոսն ու տարերքը՝ ոչ։ Նա բերում է Լիբիայի և Իրաքի օրինակները, երբ բռնատիրական կարգերը տապալելուց հետո այդ երկրները հայտնվեցին շատ ավելի վատ վիճակում:
«Մենք պիտի համակարգի բերենք մեր իրականությունը»,- եզրակացնում է Վարդան Ոսկանյանը և առաջարկում հիմնել այդ հարցի քննարկմանը միտված հարթակ:

Այնուհետև հյուրը կարծիք է հայտնում, որ փոփոխվող աշխարհում առավել կենսունակ են լինելու ոչ թե ավելի կամ պակաս ժողովրդավարական, այլ խելամտորեն կազմակերպված մերիտոկրատական համակարգերը, որոնք ունակ են նաև համազգային կարգապահություն և համախմբում ապահովելու ցանկացած՝ թեկուզ ամենադժվարին խնդիր լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում