«Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն կլուծարվի

Երևան քաղաքի ավագանու ապրիլի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու հարցը։

Ընկերության բժշկական անձնակազմի և վարչատնտեսական անձնակազմի որոշ աշխատակիցների հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծվել են աշխատանքային պայմանագրերը: Ներկայումս ընկերությունում ընթացիկ աշխատանքները համակարգելու համար աշխատում է 12 ֆիզիկական անձ, որոնց հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը վճարվել է ընկերության ազատ դրամական միջոցների հաշվին:

Երևանի ենթակայության «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ընկերության ֆինանսավորման միակ աղբյուրը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ստացվող ֆինանսավորումն է, քանի որ տուբերկուլոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը և շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում: Ընկերության կողմից վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվում:

«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովը Երևանի ենթակայության «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020 թվականի պետական պատվերի տեղադրման հայտը մերժել է։ Հանձնաժողովի կարծիքով՝ բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը»,- ասվում է նախագծում։

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Երևան քաղաքում արտահիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար արդեն իսկ 9 պոլիկլինիկաների հատկացվել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ:

«Հաշվի առնելով, որ տուբերկուլոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը և շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում և բնակչությանը մատուցվում է բացառապես անվճար հիմունքներով, ուստի առանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարման շրջանակներում տրամադրվող ֆինանսավորման՝ ընկերության հետագա գործունեությունը անիրատեսական է և ոչ նպատակահարմար»,- նշված է «Հակատուբերկուլոզային դիսպանսերի» լուծարման մասին նախագծում։