Տեղորոշման համակարգը ավելի ու ավելի էֆեկտիվ է աշխատում. վիրուսի տարածումը վերահսկելի է. պարետ

Կառավարության նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է պարետատան որոշմանը, համաձայն որի՝ միջմարզային տեղաշարժի սահմանափակումն ու անցակետերը հանվում են:

«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժման սահմանափակումների մասով իրավիճակը, մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են, քանի որ փաստացի բոլոր մարզերում այսօր տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում»,- ասել է Ավինյանը։

Պարետը նաև տեղեկացրել է, որ մի շարք ոլորտներում՝ մանրածախ և մեծածախ առևտրի տնտեսական գործունեությունը թույլատրվել է:

Ավինյանն անդրադարձել է նաև տեղորոշման համակարգին՝ նշելով, որ այն ավելի ու ավելի էֆեկտիվ է աշխատում:

«Այս համակարգն ամբողջապես տեղափոխվել է ԱԻՆ կառավարման կենտրոն: Այս փուլում, կարելի է ասել, վիրուսի տարածումը վերահսկելի է և, եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացել»,- ասել է ՀՀ պարետը: