ՊԲ-ում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Ապրիլի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի ‹‹Տիգրանակերտ›› զորավարժարանում հետևել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Այս մասին տեղեկացրել է ՊԲ մամուլի ծառայությունը:

‹‹Ուժեղացված մոտոհրաձգային վաշտի տագնապով դուրսբերումը կենտրոնացման շրջաններ և նախապատրաստումը մարտի, ընթացքից հարձակման վարումը հապճեպ պաշտպանության անցած հակառակորդի վրա: Հակագրոհի կասեցումը և պաշտպանության կազմակերպումը նպաստավոր բնագծում›› թեմայով անցկացված զորավարժությանը, որին ներգրավված էին կենտրոնական ենթակայությամբ գործող բրիգադներից մեկի մոտոհրաձգային վաշտերից մեկը՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական ստորաբաժանումներով, միտված էր կատարելագործելու ուսուցանվող սպաների ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզելու նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:

Զորավարժության ընթացքում մասնակից անձնակազմը մարտունակության և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ կարողացել է դիպուկ կրակային խոցումներով  և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրը:

Զորավարժության ավարտից հետո ամփոփվել են արդյունքները, մասնակից անձկազմին էլ  տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: