Արևմտյան արդյունաբերությունն սկսել է փախուստը Չինաստանից

Իսկապես տեկտոնական տեղաշարժեր են տեղի ունենում համաշխարհային արդյունաբերության մեջ կորոնավիրուսի պատճառով: Համավարակը ստիպեց արևմտյան խոշորագույն կորպորացիաներին`հրաժարվել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրենց որդերգրած՝ Չինաստանում արտադրության տեղակայման քաղաքականությունից: Կորոնավիրուսից բացի, ուրիշ ի՞նչ պատճառ կա, և հատկապես ո՞ւր կգնան Չինաստանից գործարաններն ու արտադրամասերը:

Կորոնավիրուսի համավարակը անսպասելիորեն համաշխարհային տնտեսության հզոր պետություններին ցույց տվեց, որ նրանք ըստ էության արտաքինից կայուն են երևում, բայց փաստորեն գործնականում անկայուն են: Պարզվեց, որ նրանց ՀՆԱ-ի բազմամիլիոնանոց տնտեսությունն ուղղակիորեն կախված է մեկ պետությունից, որը մինչ վերջերս դիտարկվում էր որպես երրորդ աշխարհի երկիր: Տնտեսական հսկաների կառավարությունները համաձայնության են եկել արտադրությունները Չինաստանից տուն տեղափոխել:

«Ցանկանո՞ւմ եք մեզ ոչնչացնել. պարզապես մի՛ ուղարկեք հակաբիոտիկներ»

Միացյալ Նահանգները առաջինը հնչեցրեց տագնապը, երբ 2020-ի փետրվարին հանկարծակի հայտնաբերեց, որ կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում լուսանցք կնետի Ամերիկային. ԱՄՆ բնակչության կողմից սպառված հակաբիոտիկների 97%-ը մատակարարվում է Չինաստանից: Եվ դեղերի արտադրության մեջ օգտագործվող դեղագործական բաղադրիչների 80%-ը ևս գալիս է այնտեղից: Առաջին տհաճ լուրին հաջորդեց երկրորդը՝ անձնական պաշտպանիչ միջոցները (դիմակներ, խալաթներ, բախիլներ և այլն), պարզվում է, մեծ մասամբ պատրաստվում են Չինաստանում: «Եթե դուք չինացի եք և իսկապես ցանկանում եք ոչնչացնել մեզ, ապա դադարեցրեք մեզ ուղարկել հակաբիոտիկներ»,- այս լուրը այսպես մեկնաբանեց նախագահի նախկին տնտեսական խորհրդական Հարի Քոնը:

Նահանգների հետևից իրենց կախվածությունը Չինաստանից  «նկատեցին» Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան… Եվ սա վերաբերում էր ոչ միայն դեղերին, այլև կենսական այլ ոլորտների: Անցած երեք-չորս տասնամյակների ընթացքում արևմտյան աշխարհը իր արդյունաբերությունը Չինաստան է տեղափոխել գերշահույթի նպատակով: Այնտեղ աշխատուժը արժե կոպեկներ, իսկ իշխանությունների կողմից գանձվող հարկերը ուղղակի աստվածային էին ամերիկյանի, ճապոնականի և եվրոպականի համեմատ:

Այժմ արևմտյան կառավարություններում խելացի գլուխները հասկացել են, որ հսկայական սխալ են գործել, և շտապ որոշել են դիվերսիֆիկացնել կենսական նշանակության ապրանքների արտադրության վայրերը: Բայց պարզվել է, որ դրանից մեծ խնդիրներ կծագեն:

Որոշ խոշոր ընկերություններում (Apple, Sony, Google և այլն) Չինաստանից գործարանները տեղափոխելու անհրաժեշտության մասին գիտակցեցին առանց կառավարությունների հուշումների: Այնուամենայնիվ, բիզնեսի ղեկավարների և իշխանությունների կարծիքները ամբողջությամբ չէ, որ համընկնում են:

Ի՞նչ արժե տուն վերադառնալը

Դուրս բերել իր կարողությունների մի մասը Չինաստանից, Google-ը, Apple-ը և Microsoft-ը համաձայնել են: Բայց Ամերիկա վերադառնալու հարց չի էլ քննարկվել: Ինչո՞ւ քննարկվեր, եթե կան Վիետնամը և Թաիլանդը, որտեղ հարկերը չի կարելի անվանել հսկայական, իսկ աշխատուժը կոպեկներ արժե: Էլ չասենք, որ այս պետությունները Չինաստանից երկու քայլի վրա են, այսինքն՝ սարքավորումների տեղափոխման ծախսերը շատ ավելի քիչ կլինեն, քան այդ ամենը օվկիանոսով քարշ տալը:

Չինաստանի համալսարանի ֆինանսական ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ժենմին Լյու Ցիկինի գնահատականներով՝ «ԱՄՆ և Ճապոնիայի ձեռնարկությունները համաձայն կլինեն հայրենիք վերադառնալ միայն այն դեպքում, եթե կառավարությունները պատրաստ լինեն վճարել ոչ միայն սարքավորումները ապամոնտաժելու, այլև տեղափոխելու և տեղակայելու համար»: Դա կարող է պահանջել նաև նոր շենքերի կառուցում, և ամենակարևորը` ֆինանսական վնասների հատուցում: Ցիկինը կարծում է, որ «բիզնեսի տերերը լավ գիտեն. հեռանալով Չինաստանից՝ նրանք կորցնում են աշխարհի ամենահզոր շուկան` չինական շուկան, ինչը ոչ մի բանով փոխարինել հնարավոր չէ: Քանի դեռ կձգձգվեն նոր վայր տեղափոխվելը և հարմարվելը, մրցակիցները չեն քնի և կսկսեն նեղել «ներգաղթյալներին»՝  նրանց հացը կտրելով:

Վերլուծաբանը համոզված է, որ կառավարությունները կկարողանան համոզել խոշոր ձեռնարկություններին՝ վերադառնալ հայրենիք (գոնե ԱՄՆ և Ճապոնիա)՝ միայն բոլոր ծախսերը փոխհատուցելու և առաջիկա երեք տարվա  եկամուտը կանխատեսելու դեպքում: «Չինաստանից  արտադրանքի ԱՄՆ տեղափոխման կոչն ամենևին էլ նորություն չէ: Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր նրա վարչակազմը չի դադարեցրել քարոզարշավը դրա համար, բայց քչերն են արձագանքել», – նշել է չինացի մասնագետը:

Վիետնամը կդառնա նոր Չինաստան

«Apple-ը, Google-ը և Microsoft-ը արդեն մի քանի ամիս է՝ զգուշորեն Չինաստանից տեղափոխվում են Վիետնամ և Թաիլանդ, բայց կորոնավիրուսը, կարծես, արագացրել է այս միտումը: Դրան գումարվում են աճող արտադրական ծախսերը, պահանջարկը և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև նոր առևտրային պատերազմի վախը»,- հայտնում է ճապոնական Nikki Asian Review հրատարակչությունը:

«Հարավկորեական Samsung-ը 2014-ին տեղափոխվեց Վիետնամ, որպեսզի ռեսուրսներ խնայի: Այլ բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունները հետևում են նրա օրինակին: Googleը և Microsoft-ը, Pixel 4A-ը և նոր Surface-ը այս երկու երկրներից համաշխարհային շուկա կմտնեն տարվա երկրորդ կեսին»,- նշում է ամերիկյան Business Insider-ը: Ըստ հրատարակության սյունակագիր Լուիս Կասալի, ընկերությունները Չինաստանից ամբողջովին կհեռանան մինչև 2021 թվականի կեսերը:

Ճապոնիայի կառավարությունն արդեն համաձայնել է օգնել իրենց ընկերություններին Չինաստանից տեղափոխվել: Շինզո Աբեի գրասենյակը հայտարարեց, որ 240 միլիարդ իեն (2,2 միլիարդ դոլար) կհատկացնի տեղափոխման ծախսերի համար: Ընդգծվեց, որ գումարի առյուծի բաժինը (220 միլիարդ իեն) նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք իրենց արտադրանքը կտեղափոխեն հայրենիք: Նրանք, ովքեր ցանկանում են տեղափոխվել որևէ այլ երկիր, փշրանքներ կստանան:

Այնուամենայնիվ, Sharp-ի նման ճապոնական հսկաները չեն շտապում տուն վերադառնալ, և Վիետնամը դեռևս դիտարկվում է որպես նոր ապաստան: Tokyo Shoko Research-ի փետրվարյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ Չինաստանում արտադրություն ունեցող ավելի քան 2600 ընկերությունների 37%-ը փնտրում է համապատասխան երկրներ՝ իրենց բիզնեսը տեղափոխելու կամ արդեն իսկ տեղափոխվում է:

Bloomberg-ի վերլուծաբան Իզաբել Ռեյնոլդսը շատ զգուշորեն է վերաբերվում «Չինաստանից փախուստին»: Նրա կարծիքով, դեռևս անհայտ է, թե ինչն է ավելի լավ միջազգային հարաբերությունների համար. թողնե՞լ արևմտյան արտադրությունը Չինաստանում և դրանով իսկ խթանել ասիական հսկայի տնտեսության զարգացումը, թե այնտեղից դուրս բերել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և մյուս երկրների կորպորացիաները և վիճել Պեկինի հետ:

 vz.ru-ից  թարգմանեց  Ծովինար Մանուկյանը