Վարդենիս համայնքի մուտքն ու ելքը մինչև ապրիլի 28-ը կսահամափակվի. պարետի որոշումը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.

ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Վարդենիս համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը․

գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը՝ ժամը 23։59-ը»: