«Պետական այրի» նման պահվածքի պատճառով կործանվել է Հայոց պետականությունը. Տեր Արարատ

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ news.am լրատվական կայքի հարցման, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնել է իր դիրքորոշումը, որը պայմանավորված է համաճարակի տարածման վտանգով և բժիշկների հայտնած Ռ. Քոչարյանի առողջականի մասին տեղեկություններով:

Որոշներ, դիտավորյալ անտեսելով, Վեհափառ Հայրապետի պատասխանի նախորդող հատվածի հոգևոր-քրիստոնեական բնույթը, որը «խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա», հարձակման թիրախ են դարձրել այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է այն, որ «հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Առիթը բաց չթողնելով, թե՛ հակաեկեղեցականները և թե՛ Հայ առաքելական եկեղեցու զավակ հռչակած որոշ «հավատացյալներ» իրենց իրավունք են վերապահում քննադատել (այն էլ անվայելուչ և ցինիկ կերպով) Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը: Բոլորին հորդորում ենք չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և ամենայն ուշադրությամբ ընթերցել Կաթողիկոսի պատասխանը:

Իսկ այն մարդկանց, ովքեր փորձում են հոխորտալ և մատ թափ տալ մեր Սուրբ Եկեղեցու և նրա Գահակալի վրա, պարզապես ցանկանում ենք հիշեցնել, որ հենց ձեր նմանների ու ձեր տեսակի պատճառով է, որ պատմության ընթացքում մենք կորցրել ենք մեր անկախ պետականությունը, իսկ եկեղեցին և նրա Գահակալները, հակառակը, մշտապես և անհոգնաբեկ պայքարել և շարունակում են պայքարել ձեր տեսակի դեմ:

Հ.Գ. Եթե ես պատկանեի և նմանվեի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի տեսակին, որը հանդիսանալով «պետական այր», առավել ևս իրեն հայտարարելով Հայ Առաքելական Ս. Եկեղեցու «զավակ», իրեն թույլ է տալիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին հանդես գալ լկտի դիմելաձևով և գրառմամբ, ապա ինձ իրավունք կվերապահեի նրա անունը գրել փոքրատառերով և գլխիվայր:

Սակայն, այս ամենից հետո ևս, վստահ ենք, որ Վեհափառ Հայրապետը շարունակելու է լինել իր բարձրության վրա և նույնիսկ Ալեն Սիմոնյանի գրառումը կարդալուց հետո էլ նրա և մյուսների համար այսպես է աղոթելու. «Հայր, թող դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն» (Ղուկ. ԻԳ 34 ):

Տ. Արարատ քահանա Պողոսյան