Արսեն Թորոսյանի ասածի` «մեկուսացում չենք անի»-ի հետևանքը. գրեթե բոլորս կվարակվենք SARS-CoV-2-ով, քանի՞սս կմահանանք, դժվար է ասել
Սա նաև` Քաջ Նազարի պես գործելու արդյունքում:
Նոր կորոնավիրուսի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի հայտարարությունները դիտարկելով, տեսնում ենք, որ հայտնի Քաջ Նազարի պես անարժանիորեն ղեկավարի աթոռին հայտնվածը, վարվում է հենց Քաջ Նազարի պես, մեկ ասում է` գյադեք, էս կողմ անցեք, մեկ էլ թե` գյադեք, էն կողմ անցեք…
Դեռ փետրվարի 29-ին, երբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման առաջին կասկածելի դեպքն էր պաշտոնապես հայտնաբերվել, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան խորհուրդ էր տվել («Глава Роспотребнадзора рекомендовала россиянам сократить поездки за границу»)` մարդկանց զանգվածային կուտակման վայրերում պետք է կրել դիմակ, որը կարող է նաև պաշտպանել սեզոնային գրիպից:
Դրանից ավելի վաղ, փետրվարի 22-ին «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր նախագահ Նունե Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ նույնպես խորհուրդ էր տվել օգտագործել դիմակներ, նաև բացատրել էր, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք` «Զգուշորեն ծածկեք ձեր քիթը և բերանը դիմակով և ապահովեք այն դեմքի և դիմակի միջև եղած բացը նվազեցնելու համար», «Օգտագործման ընթացքում մի դիպչեք դիմակին» և այլն:
Մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ Արսեն Թորոսյանը շատ լավ էլ գիտակցում է, որ շնչադիմակների կարևորությունը, այն, որ դրանք ցուցված են բոլոր այն դեպքերում, երբ մարդը շփվում է հիվանդ կամ պոտենցիալ հիվանդ, ենթադրյալ հիվանդ մարդու հետ:
Այնուհանդերձ, մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասել է, որ բժշկական դիմակներ գնելու քաղաքացիների ձգտումն այնքան էլ տեղին չէ, քանի որ սովորական բժշկական դիմակները չեն ապահովում կորոնավիրուսով վարակվելուց պատշաճ պաշտպանություն:
Այն, որ սովորական բժշկական դիմակները չեն ապահովում կորոնավիրուսով վարակվելուց պատշաճ պաշտպանություն, բնավ չէր նշանակում, թե բժշկական դիմակներ գնելու քաղաքացիների ձգտումն այնքան էլ տեղին չէր, հիմա էլ դա չի նշանակում, որովհետև դրանք, թեկուզ մասնակի, բայց պաշտպանություն ապահովում են, ինչը նոր կորոնավիրուսային համավարակի և դրա հետևանքով Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների պարագայում առանձնահատուկ կարևորություն ուներ և ունի:
Արսեն Թորոսյանը նույն ասուլիսում ասել է նաև, որ եթե դիմակը 3-4 ժամը մեկ չփոխվի, այն ավելի վտանգավոր կլինի, քան առանց դիմակի քայլելը, քանի որ ժամանակի ընթացքում դիմակի վրա են հավաքվում և՛ վիրուսներ, և՛ միկրոօրգանիզմներ, և՛ փոշի: Սա ինչ-որ առումով հանրությանն ապակողմնորոշող տեղեկատվություն է, որովհետև շատերը չիմանալով, որ միանգամյա օգտագործման շնչադիմակներից բացի, կան նաև բազմակի օգտագործման շնչադիմակներ, և որ իրենց կրածը հենց վերջինից է, միանգամայն պիտանի ու թանկարժեք շնչադիմակը 3-4 ժամ օգտագործելուց հետո կարող են նետել աղբարկղ, շատ մարդիկ այս ընթացքում հավանաբար հենց այդպես էլ վարվել են, հետո մնացել առանց շնչադիմակի, հավանաբար վարակվել կամ, եթե հիվանդ են եղել, վարակել այլոց, մի մասն էլ 250-350 դրամով գնել նորը, եթե ճարել է դեղատներից:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողն ասել է նաև, թե Հայաստանում փողոցներում դիմակով քայլելը ոչ մի իմաստ չունի` անտեսելով, որ հենց փողոցով, մայթերով քայլելու ընթացքում չվարակված մարդու մոտով սոցիալական հեռավորության խախտմամբ կարող է անցնել մեկը, որը վարակված է նոր կորոնավիրուսով:
Բացի այդ, «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր նախագահ Նունե Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած հիշյալ գրառմամբ Թորոսյանի այս «լուսավորող» խորհրդատվությունից դեռ մոտ 1 ամիս առաջ խորհուրդ էր տվել` «Նաև փորձեք չդիպչել ձեր բերանին, քթին կամ աչքերին չմշակված ձեռքերով (սովորաբար այդպիսի հպումներն անգիտակցաբար կատարվում է մեր կողմից `ժամում միջինում 15 անգամ)»: Կարծում ենք, նախարարի պաշտոնը զբաղեցնողի համար դժվար չէր գիտակցել, որ շնչադիմակները` ցանկացած տեսակի, այդ առումով նույնպես ունեն պաշտպանիչ դեր, որովհետև մարդու գոնե քիթն ու բերանը մեկուսացնելով, թույլ չեն տալիս, որ մարդու ձեռքն անմիջականորեն հպվի դրանց և, եթե վիրուսներ է կրում, վարակի մարդուն:
Ավելին. մարդը նոր կորոնավիրուսով կարող է վարակվել ոչ միայն կաթիլային, այլև օդային ճանապարհով, այսինքն` երբ վարակվածը չի փռշտում կամ հազում, այլ հորանջում է կամ խոսում, քանի որ այդ ժամանակ նրա բերանից օդ են թափանցում բավարար քանակությամբ և մոտ մեկ միկրոնի տրամագիծ ունեցող աերոզոլային մասնիկներ, որոնք կարող են կարող են գրիպի վիրուսներ կամ SARS-CoV-2 փոխանցել:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման հարցով զբաղվող կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ դիմակ կրելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, նույնիսկ առանց ախտանիշների մարդկանց խորհուրդ է տրվում դիմակներ կրել, քանի որ այդ մարդիկ կարող են կորոնավիրուսի փոխանցողներ լինել, բայց չիմանալ այդ մասին:
Եվ, ահա, նույն Արսեն Թորոսյանը ՀՀ կառավարությունում ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Ես չեմ վարանում իմ սխալներն ընդունել, եթե այդպիսիք եղել են, և ինքս էլ ուղղում եմ, օրինակ, նույն դիմակների մասով… Ընդհանրապես, այդպես ստերիլ պետական պաշտոնյաներ ունենալու պահանջը, ինձ թվում, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև եթե կա նոր հիվանդություն և նրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես հնարավոր է անեմ հայտարարություն, օրինակ, մեկ ամիս առաջ, հետո պարզվի, որ ինչ-որ բան է հայտնաբերվել և այդ հայտարարությունն արդեն հավաստի չէ, և ես չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է»:
Այո, այս հիվանդությունը նոր է և նրա մասին շատ բաներ կամ որոշ բաներ հայտնի չեն, հայտնի են դարձել և հայտնի են դառնում ժամանակի ընթացքում, բայց ոչ այն, ինչի մասին նշեցինք վերևում: Բացի այդ, սխալներն ընդունելը դեռ բավարար չէ, առավել ևս` երբ նախարարի պաշտոնը զբաղեցնողը չի բարեհաճել այդ սխալների համար ներողություն խնդրել: Կա նաև այդ սխալների համար պատասխանատվության խնդիր, մանավա՛նդ, որ խոսքը ոչ սովորական իրավիճակում ոչ սովորական սխալների մասին է, ավելի որոշակի` արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր սխալների, որպիսիք, ի դեպ, թույլ են տվել նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստի ժամանակ Արսեն Թորոսյանը պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, նույնպես ասել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ, այնուամենայնիվ, արժե կրել։
Թորոսյանն ասել է, որ ԱՀԿ-ն այժմ խորհուրդ է տալիս նույնիսկ կտորից դիմակ կրել, սակայն պետք է ամեն օր պատշաճ լվանալ, որպեսզի դրա մեջ վտանգավոր հարուցիչներ չմնան։
«Ցանկալի է կրել, սակայն այն, թե ինչքան այն կպաշտպանի, կախված է հենց մարդուց,- ասել է Արսեն Թորոսյանը:- Նույն ձեռքեր լվանալը շատ ավելի կարևոր է, քանի դիմակ կրելը: Սակայն ձեռքեր լվանալու հնարավորություն ամեն պահի կարող է չլինել: Դիմակ կրելը խորհուրդ է տրվում ամեն տեղ: Ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»:
Նախարարի պաշտոնը զբաղեցնողի այս և այսօրինակ հայտարարությունների, գործելակերպի հետևանքով է նաև, որ նոր կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, և ինչպես նույն Թորոսյանն է ասել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հիշյալ նիստի ժամանակ, եթե նախկինում 50 դեպք էր՝ մի աղբյուրից, ապա ապրիլի 10-ի դրությամբ՝ 16, 20, 30 դեպք, բայց արդեն 10-20 տարբեր աղբյուրներից:
«Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը:- Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացածին դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»:
Հասկանում եք, թե սա ի՞նչ է նշանակում… Նոր կորոնավիրուսով հիվանդ կամ SARS-CoV-2-ով հաստատապես վարակված մարդկանց հետ անմիջականորեն շփված անձանց չմեկուսացնելը նշանակում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, պարետը, կառավարությունն այլևս չեն պայքարելու ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածման դեմ, ինչպես սեզոնային գրիպով վարակված, հիվանդ անձանց հետ անմիջականորեն շփվածներին չմեկուսացնելով, չեն պայքարում երկրում սեզոնային գրիպի տարածման դեմ: Բայց նոր կորոնավիրուսը բնավ սեզոնային գրիպի վիրուս չէ, ոչ էլ իր տարածմամբ, ներկայիս համավարակի և հիվանդության հետևանքներով, այլ առանձնահատկություններով է համեմատելի սեզոնային գրիպի հետ:
Նոր կորոնավիրուսով վարակված, COVID-19-ով հիվանդ անձանց հետ անմիջականորեն շփվածներին չմեկուսացնելու պարագայում, սպասելի է, որ կհանվեն նաև ներկայիս սահմանափակումները, քանի որ դրանք նույնպես կհամարվեն իմաստազուրկ: Եթե հիշյալ անձինք այլևս չմեկուսացվեն, սահմանափակումները հանվեն, ապա այս ամենի հետևանքով ՀՀ ողջ բնակչությունը կամ նրա գերակշիռ մասը կվարակվի SARS-CoV-2-ով: Թե նրանցից քանի՞սը կհիվանդանա, քանի՞սը կմահանա, դժվար է ասել:
«Ես լուրջ մտահոգված եմ, որ սա մեր առողջապահության նախարարն է, ասում է՝ ԱՅՍ ՎԻՐՈՒՍԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ և ԻՄ ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԴՊՐՈՑ ՈՒՂԱՐԿԵԼ, ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՅՍ ՎԻՐՈՒՍԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ…..այ ընկեր, քո խելքը տեղն ա՞…»,- դեռ մարտի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ՀՀ-ում ներկայիս իրավիճակը նաև ինչի հետևանք է… Միանգամից ասենք` նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, գործողությունների և անգործության, որոնց դեռ առանձին կանդրադառնանք: Ավելորդ չենք համարում այս կապակցությամբ մեջբերել «Ֆեյսբուք»-ի իր էջում «Կորոնավիրուսից էլ վտանգավոր» վերտառության ներքո «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի մարտի 1-ի գրառումը .
«Կորոնավիրուսը հեչ։ Մի պահ պատկերացրեք, որ այս իշխանության օրոք պատերազմ սկսվի։ Ամենամղձավանջայինը կլինեն ոչ թե հակառակորդի հարձակումները, այլ այս անգրագետների ու բնածին անմեղսունակների որոշումները։
Պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են մեզ ղեկավարում և ինչ են նրանք անելու արտակարգ իրավիճակում։
Կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, թշնամու տանկերի ու արկերի դեմ կպայքարի թուղթ ու գիր անելով։
Եթե վիրուսի դեմ «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ն էր, ապա կռվի ժամանակ ինչո՞ւ չպետք է դիմեն թուղթ ու գիր անելուն։
Այս իշխանությունն ամենավտանգավոր վիրուսն է, որը հայտնվել է մեր պետական օրգանիզմում»։
Արթուր Հովհաննիսյան