Նույնիսկ այս անվստահությամբ լի և փորձությամբ շրջապատված պահին մարդիկ նորից մերժում են խաչյալ Քրիստոս Յիսուսը

«ԽԱՒԱՐՈՒՄ…

Գանգատւում են մարդիկ այս օրերին, հաւատացեալ լինեն կամ ոչ։ Մարդիկ ցնցում են ապրում ներկայ ժահրային իրավիճակով։ Վախի մէջ են, բանտարկուած են իրենց տներում։ Անվստահութեամբ լի են իրենց գործերին, ապրուստին, ընտանիքներին, երկրին ապագայով մտահոգ։

Հաւատքը շատերին համար կարեւոր տեղ չի գրաւում, ոչ էլ երկրորդ, երրորդ, կամ նոյնիսկ նախավերջին տեղը։ Հաւատքը մինչեւ այս տարի շատ անգամ, շատերին համար դարձել էր անպէտ մի աւանդութիւն եւ տարուան մէջ մի երկու ժամ եկեղեցու բակում ժամանցելու առիթ, հաւկթախաղի կամ բարեկամների տեսութեանց, ծիծաղի, բամբասանքի համար։

Նոյնիսկ այս անվստահութեամբ լի եւ փորձութեամբ շրջապատուած պահին, մարդիկ նորից մերժում են խաչեալ Քրիստոս Յիսուսը, եւ վստահում իրենց տգիտութեամբ շաղախուած «տրամաբանութեամբ» եւ անաստուած գիտութեամբ թէ «Աստուած չի՛ խաչւում», եւ թէ «գոյութիւն չունի որ խաչուի»։ Մինչեւ հիմա, այս օրերին կան մարդիկ որոնք մերժում են Քրիստոսի զոհաբերութեամբ եւ մարգարէական կատարելութեամբ կատարուած փրկագործութիւնը եւ ծաղրում ու հայհոյում Հօր Աստծուն, Որդուն եւ Սուրբ Հոգւոյն. Ու նրանց պէս կան աղանդաւորներ որոնք ծաղրում են Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Խաչին, Գեղարդին, Լուսաւորչի Սուրբ Աջին եւ հաւատացեալներին։ Նրանք իրենց անգիտութեամբ գիտեն թէ մահը գալիս է ամէն մարդու։ Բայց չգիտեն թէ կայ մարմնական մահից աւելի մեծ ու ահռելի հոգեկան կամ երկրորդ մահը։

Խաչելութիւնից յետոյ դժուար պիտի լինէր որեւէ մարդու ընդունել թէ մարդացեալ Աստուած, Տէրն ինք կարող էր մեռնել խաչի ահռելի մահով։ Այս պատճառով էր նաեւ մի ժամանակ ի յայտ եկան «Երեւութականներ» կամ «Դոսետիկ» կոչուած աղանդաւորների խումբը, որոնք չէին ընդունում ականատեսների վկայութիւնները խաչելութիւնից։ Նրանք ասում էին թէ նա չէր խաչուողը, այլ մի տարբեր անձ էր որ խաչը վերցրեց, այս պարագային ասում էին որ Սիմոն կիւրենացին էր որ խաչ ելաւ եւ նրանց թուեցաւ թէ Յիսուս էր…։

Նրանց նման Գնոստիկեան աղանդի հետեւորդներ չէին ընդունում ֆիզիքական Յիսուսի գոյութիւնը, ինչպէս որ այսօր կան մարդիկ որոնք կասկածում են Յիսուսի նոյնիսկ պատմական անձ լինելու մասին։

Թերեւս ներկայ ժահրային իրավիճակը միջոց է մեր համար մտածելու մահուան անխուսափելիութեան մասին, երբ կեանքը միայն կերուխում եւ զուարճանք է ոմանց համար։ Թերեւս պէտք է խորհրդածենք թէ անտեսուած ուղի ունենք ուր պէտք է քալենք։ Թերեւս պէտք է ի մտի առնենք թէ չկատարուած առաքելութիւններ ունենք կատարելիք։ Թերեւս պէտք է իմաստութեամբ լցուենք եւ Ս. Հոգու շնորհները չմարենք, երբ ամէն օր անտեսում ենք Հոգւոյն ներկայութիւնը մեր մէջ։

Մեր Տէրը դատարկ տեղը չմարդացաւ փիլիսոփայական նորութիւն բերելու համար։ Նրա մահը եղաւ «գայթակղութիւն Հրեաներին եւ յիմարութիւն հեթանոսներին համար»։ Նոյնիսկ մեր միջի «քրիստոնեայ» կոչուած հեթանոս ապաշնորհ կեանքով ապրողներին համար։ Այդ երկու խմբաւորումները մերժում էին եւ մերժում են թէ Աստուծոյ Որդին կարող էր խաչելութեան եւ մահուան ենթակայ լինել։ Իսկ մենք այսօր մեր գործերով մերժում ենք մեր հաւատքի նոյնիսկ անուանական պատկանելիութիւնը։

Նրանք սխալւում էին եւ են։ Քրիստոսի մահը խաչին վրայ կարեւոր մասն էր մեր փրկութեան։ «Որպէսզի ով որ հաւատայ նրան, փրկուի»։ Մեր Տէրը մի հրամանով չփրկեց չկամեցող մարդուն, այլ իջաւ մեր փոքրութեան, մեր սահմանափակման, մեր հիւանդագին կեանքին եւ մեր մեռնող ինքնութեան ու ճաշակեց ամէնամութ խորութիւնները մարդկային կեանքին, – մատնութիւն, մենակութիւն, չարչարանք, մահ եւ գերեզման – որպէսզի փրկի նոյն կեանքով անգիտակից եւ զեղխութեամբ ապրող ու մեռնող մարդուն։

«Խաւարեցաւ լոյս արեւուն

ի վեցերորդ ժամ ուրբաթուն,

ծանոյց թէ լոյս արարչական

նսեմացոյց զլոյս եղական,

կախեալ զքեզ մերկ ի խաչին

քօղով ստուերաւն ծածկէին.

Հերքեա ի մէնջ զծանրութիւն

շրջող դիւին միջօրէի»։ (Ս. Ներսէս Շնորհալի)

Այո, այսօր կայ «շրջող դեւը միջօրէի» որ ժահրն է, եւ բզկտում է մարդու մարմինը ու նրան գերեզման հասցնում։ Մարդիկ վախի մէջ են այդ «դեւից», սարսափահար մտել են իրենց տները եւ պաշտպանւում են այս ժահրի կատարած մահաբեր կորստից։ Սակայն միեւնոյն ժամանակ անտեսում են հոգեւոր իրենց կեանքը եւ ուրախութեամբ ընդունում եւ հետեւում են հոգեւոր «շրջող դիւին միջօրէի»…‰։

Փորձութեանց ժամերը կգան որպէսզի փնտռենք մեր հաւատքը, ամրացնենք մեր յոյսը եւ բոցավառենք մեր սէրը։ Փորձութեանց ժամերը եւ Քրիստոսից հեռու եւ անջատուած լինելը մեզ մղում է մեր անբնական այս մահուան շրջափակումից ու «գերեզմանից» աղաչել Տիրոջ ներկայութիւնը եւ վերացումը հիւանդութեան եւ մահուան։

Պէտք չէ որ միայն մեր տխուր օրերին կանչենք, «Էլի, Էլի, լամա՞ սաբաքթանի – Աստուած իմ, ինչի՞ զիս թողուցիր…»։ ՄԵՆՔ ԵՆՔ որ թողեցինք Աստծուն, չարչարեցինք ու խաչեցինք շատ անգամ ու մինչեւ օրս թողում եւ նոյնն ենք կատարում..։ Խաւարեցաւ լոյսն արեւուն, եւ Քրիստոս յանձնեց իր հոգին մեր հոգիներին եւ մարմինների փրկութեան համար։

Որովհետեւ Նա խոցուեց մեր մեղքերի համար եւ Նրա վէրքերով էր որ մենք բժշկուեցինք. ու Նրա յարութեամբ է որ մենք եւս, յարութիւն պիտի ստանանք։

Տ. Սերոբ +

Ամերիկաբնակ հոգևորական Serop Azarianֆեյսբուքյան էջից

ԽԱՒԱՐՈՒՄ…Գանգատւում են մարդիկ այս օրերին, հաւատացեալ լինեն կամ ոչ։ Մարդիկ ցնցում են ապրում ներկայ ժահրային…

Опубликовано Serop Azarian Четверг, 9 апреля 2020 г.