Սոցիալ-տնտեսական խնդիրներն արդեն զգացնել են տալիս. շատերը մնացել են առանց մեկ դրամ եկամտի և անորոշ հեռանկարով

Մարտի 16-ից, ինչ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, տնտեսվարողներն ու տարբեր ոլորտներում աշխատողները լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ են հայտնվել: Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների, հատկապես հիվանդ լինելու դեպքում տանը մնալու հորդորների, ինչպես նաև շուկայում պահանջարկի կտրուկ նվազման հետևանքով մի շարք ոլորտներում հարկադիր պարապուրդի հետևանքով աշխատողներն ու տնտեսվարողները զրկվել են հասույթից կամ դրա զգալի մասից:

LIVEnews.am-ը զրուցել է մի քանի ոլորտների աշխատողների ու տնտեսվարողների հետ՝ հասկանալու համար, թե նրանք ինչ խնդիրների առաջ են հայտնվել և թե կառավարության խոստացած օգնությունը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել՝ կանխատեսվող տնտեսական ճգնաժամը արժանապատվորեն հաղթահարելու գործում:

Անհատ ձեռներեց Վարդան Զեյնալյանը, որն էլեկտրամոնտաժային ծառայություններ է մատուցում, տևական ժամանակ անգործ է մնացել, իսկ քանի որ գործատուի հետ է աշխատում և վարձատրվում է գործարքային սկզբունքով, պատվերներ չլինելու պայմաններում անգամ չնչին աշխատավարձ չի ստացել:

«Մարդիկ տանն են փակվել և առայժմ չեն մտածում կյանքի այլ բարիքներից օգտվելու մասին, նրանց համար այժմ կարևոր է իրենց առողջությունը, սնունդը, շատերն էլ պարզապես զրկվել են աշխատանքից կամ գումար աշխատելու հնարավորությունից և կրճատել են ծախսերը,- մեզ հետ զրույցում իր մտահոգությամբ կիսվեց Վարդանը:- Այդ ամենի հետևանքով մեր գործատուն պատվերներ չի ստանում: Մենք էլ տանն ենք, աշխատանքի միայն բացառիկ դեպքերում ենք գնում»:

Մեր զորւցակցի խոսքով՝ այսօրվանից այլ խնդիր էլ ավելացավ շինարարությամբ զբաղվող ընկերությունների համար, քանի որ որոշում կայացվեց՝ շինանյութի շուկաները, խանութները չեն աշխատելու, և արդեն իսկ ընդունած պատվերները, որոնց համար պատվիրատուն վճարել է, հնարավոր չէ իրականացնել, արևային պանելներ տեղադրել: Մյուս կողմից հնարավոր չէ նաև իրենց աշխատանքը կատարել, եթե հազվագյուտ նոր պատվերների հնարավորություն լինի: Փաստորեն նման ընկերությունները պարտադրված պարապուրդի են մատնվել:

«Մեր ոլորտում աշխատողները գործատուի հետ մեծ մասամբ գործարքային են աշխատում և իրականացված աշխատանքի դիմաց են վարձատրվում: Եթե պատվեր չես կատարում, բնականաբար աշխատավարձ էլ չի լինի: Բայց ես ծառայություններ մատուցում եմ սեփական ԱՁ-ով, և ես որպես փոքր տնտեսվարող եմ տուժելու՝ բոլոր հետևանքներով: Պատկերացրեք, որ  նման պայմաններում մարդիկ պարտադրված են վճարել բանկերի պարտքերը՝ վարկերի ձևով, կոմունալ վճարները և սնունդ գնել, երբ զրո շահույթ են ստանում: Առայժմ կարողանոմ ենք դիմադրել ստեղծված վիճակին դեռ նախորդ ամսվա հասույթի, աշխատավարձի հաշվին, բայց եթե այս արտակարգ դրութունը ավելի ձգվի, անհնար է պատկերացնել, թե ինչ հնարքով են մարդիկ գոյատևելու, հոգալու իրենց կարիքները և խուսափելու պարտքերի կուտակումից»:

Մեր հարցին՝ կօգտվե՞ն արդյոք գործատուները անտոկոս վարկերի ձևով տրամադրվող օգնությունից, որը պետությունն է խոստացել նրանց, Վարդան Զեյնալյանն ասաց. «Կօգտվեն սեփական ընկերությունները պահպանելու համար, իսկ աշխատողներին աշխատավարձ տալու նպատակով դրանից ամենայն հավանականությամբ զերծ կմնան, գոնե գործատուների մեծ մասը՝ նախընտրելով աշխատավարձ չտալ՝ օգտվելով օրենքի ընձեռած հնարավորությունից»:

Մեր զրուցակիցը դրական է համարում կառավարության զգոնությունը և վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները, թեև համարում է, որ եթե ի սկզբանե նման լրջություն ցուցաբերվեր, մարդկանց չհուսադրեին, թե այս վարակն ամենևին վտանգավոր չէ և լուրջ միջոցառումների կարիք չկա, ապա այսօր թերևս պարտադրված չէինք լինի, տնտեսական ռիսկերի գնալու հաշվին, խիստ մեթոդների դիմել և երկիրը կանգնեցնել տնտեսական կոլապսի առաջ: Դրանից հետո էլ ստեղծված իրավիճակից տուժած մարդկանց լուրջ աջակցություն չցուցաբերել:

«Միանշանակ չէ, որ պետությունը պարտավոր է միակողմանի լուծում գտնել ստեղծված վիճակից, բոլորս պետք է համախմբվենք, բայց մյուս կողմից էլ այդ աշխատանքների համակարգողն ու խթանողը պետք է կառավարությունը լինի: Չենք կարող պետությունից պահանջել, որ օրինակ, բոլորիս կոմունալ վարձավճարները սառեցնի կամ բյուջեից վճարի: Բայց հետաձգածն էլ, միևնույն է, պարտք է, և արտակարգ դրության ավարտից հետո դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի տնտեսվարողները խելքի գան, նրանց վրա այդպիսի բեռ դնելը ճիշտ չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ տնտեսվարողների հիմնական մասը բազմաթիվ վարկեր ունեն: Ուստի այս դեպքում պետք է ավելի խելամիտ որոշում կայացվի, որպեսզի որևէ մեկը չտուժի դրանից՝ փոխօգնության, զիջումների և մարդկանց վրա ծանրացած բեռը կիսելու միջոցով: Չեմ ուզում մտածել, թե պետությունն այս պարագայում անկարող է և խուսափում է իր պարտականությունները կատարել»:

Անհատ ձեռներեց Նարինե Հովհաննիսյանը, որը վարսահարդարման, դիմահարդարման ծառայություններ է մատուցում, նույնպես մարտի 16-ից անգործ է մնացել, քանի որ խիստ նվազել է նրա մատուցած ծառայությունների պահանջարկը: Փաստորեն քանի դեռ մարդիկ տանն են և առանձնապես հարդարվելու անհրաժեշտություն չեն տեսնում, իսկ զգալի մասն էլ պարզապես վախենում է վիրուսով վարակվելուց, գեղեցկության արդյունաբերությունը պարապուրդի մեջ է: Շրջեք մայրաքաղաքով, գեղեցկության գրեթե բոլոր սրահներն այս օրերին փակ են: Եվ այդ պատճառով նրանց դրամապանակը շարունակում է դատարկվել, իսկ սրահի վարձակալման, կոմունալ ծախսերի վճարման օրը մոտենում է: Ավելի ճիշտ Նարինեի համար արդեն մոտեցել է, և նրան մինչև երկուշաբթի էլեկտրաէներգիայի վարձը վճարելու ժամանակ են տվել: Նա դեմ չէ, միևնույն է, այս պահին սրահը փակ է, աշխատանք, այցելու չկա, բայց եթե այդ գումարը չվճարի, այն որպես պարտք կուտակվելու է և արդեն աշխատանք ունենալու դեպքում պարտադրված կլինի մարել: Եվ հիմա արդեն մտածում է պարտքի մասին: Բայց որքա՞ն կարող է պարտք կուտակել:

«Կառավարությունն այս օրերին որոշ նախաձեռնություններով փորձում է թեթևացնել գործատուների, աշխատողների վիճակը, հուսադրում նրանց, թե մենակ չի թողնի, բայց այս խնդիրը չի բարձրաձայնվում. մարդիկ, որոնք իրենց գործունեությունն իրականացնելու համար տարածք են վարձակալում և այժմ պարտադիր պարապուրդում են, այսինքն՝ ընկերությունները, կազմակերպությունները, գրասենյակները չեն գործում, պետք է կառավարությունից նման աջակցություն ստանան, օրինակ ՀՀ վարչապետը կամ իրավասու այլ պաշտոնյա տարածքների սեփականատերերին հորդորեն այդ մարդկանցից վարձավճարներ չգաձնել և ըմբռնումով վերաբերվել կամ գուցե պետությունը որոշ չափով սեփականատերերին հատուցում տրամադրի: Խոսքը փոքր ու միջին ձեռնարկատերերին այս պահին աջակցելու, սատարելու, թևութիկունք լինելու մասին է, իսկ մեր երկրում ՓՄՁ-ները դեռևս խոցելի վիճակոմ են և թեթև անկայունությունը կարող է այդ ձեռնարկատերերի համար անդառնալի հետևանքներ ունենալ»,- ասաց անհատ ձեռնարկատերը:

Թագուհի Ասլանյան