Տպագիր ԶԼՄ-ների գործունեության դադարեցումը շատ վտանգավոր զարգացումների կտանի

Կորոնավիրուսի այս համատարած հաղթարշավը անշուշտ համամարդկային խնդիր է, և պարտավոր ենք միասնական լինել, համախմբված և զգոն՝ այս մարտահրավերի դեմն առնելու համար։ Բոլոր պետությունները իրենց հնարավորությունների և գիտակցական մակարդակի շրջանակներում են պայքարում։

Մեր պետությունը՝ նույնպես։

Թեպետ եղան և կան բազմաթիվ սխալներ և հայկական անփութություն ու լոպպազություն/ «կորոնան ում շունն է» ոճի/, բայց և այնպես, հույս ունենք, որ ոմանք կամաց-կամաց լրջանում են։ Հուսանք, լրջանալու պահը չի ուշանա այնքան, որ ճակատագրական կդառնա։

Այսօր իմացա, որ մեր հանրապետությունում վաղվանից այլևս չի տպագրվի տպագիր մամուլը, այսինքն՝ թերթերն ու ամսագրերը։

Ամեն ինչ, լրատվության ամբողջ դաշտը կմնա առցանցի հույսին, ամբողջ ինֆորմացիոն դաշտը կտեղափոխվի վիրտուալ աշխարհ։ Համաձայն եմ, մեր ամբողջ կյանքն է տեղափոխվում վիրտուալ տիրույթ, բայց այս դեպքում կարծում եմ՝ մտածելու բան կա։

Բոլորը ստիպված կմնան Նիկոլ Փաշինյանի ՝տեղ-տեղ խուճապ առաջացնող լայքերի հույսին։ Սա ճիշտ չէ, հակառակը՝ սա ինքնին, սխալ աշխատելաոճ է և խուճապածին։

Իբր պարետ նշանակվեց, բայց ինչ է անում այդ պարետը, դեռ տեսանելի չէ։ Այս ֆոնին, երբ նայում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, մտածում ես, որ մեզանում նախնադարյան կարգեր են։

Ամբողջ աշխարհում հզոր լրատվական կառույցները ստեղծում են լրատվական տարբեր ցանցեր, բաց գործում են լրատվական տարբեր դաշտեր, որոնց շնորհիվ մարդիկ օպերատիվ տեղեկություններ են ստանում, տեղեկացվում են իրենց երկրներում կառավարությունների քայլերին և կոչերին։ Մեզանում, ստացվեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը, իրականում մուտացիայի ենթարկվելով, դարձավ տպագիր մամուլի դեմ պայքարի, առհասարակ՝ զանգվածային լրատվամիջոցների դեմ պայքարի։

Հիշեք ԶԼՄ-ների հանդեպ պատժամիջոցները, որոնք ԱԺ-ն երկու օր առաջ հաստատեց, հետո, կարծես զգուշացավ, քանի որ ԶԼՄ-ների իրավունքներն ապահովելուն կոչված մի խումբ կազմակերպություններ հանդես եկան հայտարարություններով։

Հուսամ, այս դաժան իրականությունը երկար չի տևի, հակառակ դեպքում, կստացվի, որ մենք ինքնակամ մերժեցինք տպագիր մամուլը՝ տպագիր ԶԼՄ-ներին ուղարկելով անորոշ ժամանակով արձակուրդի կամ պարապուրդի։ Կարծում եմ՝ սա լուրջ մտածելու առիթ է, իմ տպավորությամբ, այս վիրուսից ավելի շատ տուժում են բժիշկները՝ իրենց ամենօրյա տաժանակիր, շնորհակալ եւ հերոսական աշխատանքն անելով, ապա՝ ԶԼՄ-ները, եւ իհարկե՝ վարակվածները։ Ազատ խոսքի ամբիոնները սահմանափակելը բոլորովին լավ տեղ չի տանելու, որքան էլ վիրտուալ ցանցը գործի, որքան էլ առցանցը գործի, տպագիր ԶԼՄ-ների գործունեության դադարեցումը շատ վտանգավոր զարգացումների կտանի։ Դեռ արտակարգ դրության հաստատման առաջին օրերին էի այս մասին խոսել, հիմա ստիպված եմ նորից անդրադառնալ, քանի որ արդեն ունենք կոնկրետ փաստը՝ տպագիր մամուլը վաղվանից չի տպագրվելու։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Կորոնա վիրուսի այս համատարած հաղթարշավը անշուշտ համամարդկային խնդիր է եւ պարտավոր ենք միասնական լինել, համախմբված եւ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Вторник, 24 марта 2020 г.