Սթիվ Ջոբսի այրին որոշել է երեխաներին առանց ժառանգության թողնել

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ բարերար Լորեն Պաուել Ջոբսը, չի պատրաստվում իր երեխաներին թողնել բազմամիլիոն դոլար արժողությամբ ժառանգություն, որն ստացել է ամուսնու մահից հետո: Այս մասին նա հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում:

«Ինձ չի հետաքրքրում հարստությունը սերնդեսերունդ բազմապատկելը, և իմ երեխաները գիտեն դրա մասին,- շեշտել է Լորեն Պաուել Ջոբսը,- Սթիվը դա չէր ուզում: Եթե ես բավական երկար ապրեմ, ինձ հետ ամեն ինչ կավարտվի»,- նշել է նա:

Ըստ նրա՝ այն իրավիճակը, երբ մարդկանց մի փոքր խումբ վերահսկում է զգալի գումար, «սխալ է և անարդար»: «Մենք դա տեսել ենք 19-20-րդ դարերի սահմանին՝ Ռոքֆելերի, Կարնեգիի, Մելոնի և Ֆորդի ընտանիքների օրինակներից: Նման կուտակումները վտանգավոր են հասարակության համար: Այդպես չպետք է լինի», – շեշտել է Ջոբսը:

Ջոբսը, որը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2011-ի հոկտեմբերին, 56 տարեկան հասակում, ունի երեք երեխա: New York Times-ը նրա ունեցվածքը գնահատել է 27,5 միլիարդ դոլար: 2004 թվականին Պաուել Ջոբսը հիմնադրել է Emerson Collective բարեգործական կազմակերպությունը, որը զբաղվում է նախագծերով, որոնք ուղղված են, մասնավորապես, սոցիալական անհավասարության նվազեցմանը: