Ալիևը հերթական անգամ բացահայտեց, թե ով է Հայաստանում իրենց սրտի գործընկերը

ՀՀ վարչապետն իր քաղաքական ծննդականով ու ԴՆԹ–ով տերպետրոսյանական միջավայրից է

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում 2020թ. փետրվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումը լայն արձագանք է ստացել ինչպես տեղական ու միջազգային մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում:

Այս հրապարակմամբ կներկայացնենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում հիշյալ քննարկման վերաբերյալ հիմնականում հայտնի գործիչների կատարած ուշագրավ գրառումներից ընդամենը մի քանիսը, որոնք ուղղակի ակնհայտ են դարձնում Ալիևի առջև Փաշինյանի ելույթի, պատասխանների, ցավոք, թույլ, նույնիսկ չափազանց թույլ, ամոթալի և Հայաստանի Հանրապետության ղեկավարին ու Արցախյան հիմնահարցի քննարկման հայաստանյան ներկայացուցչին անհարիր լինելը: Հարկ է նկատի ունենալ նաև, որ վերոնշյալ քննարկումը տեղի էր ունենում բազմաթիվ փորձառու քաղաքագետների, դիվանագետների, փորձագետների, վերլուծաբանների, լրագրողների ներկայությամբ:

Անհասկանալի է հակահետախուզության մարմինների լռությունն ու անգործությունը՝ ազդեցության գործակալներին բացահայտելու, չեզոքացնելու ուղղությամբ

«Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:-Մասնավորապես, նա հատուկ ընդգծեց, որ Արցախի պաշտպանության բանակի 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են և դրանով հիմնավորեց իր այն դիրքորոշումը, որ չկա Արցախի պաշտպանության բանակ և Արցախ պետություն։

Հայաստանի քաղաքացիների Արցախում ծառայելու դեմ Հայաստանում հրապարակային հանդես են գալիս տարբեր անհատներ, իսկ նրանց այս ալիևյան ագիտացիան տարածում են կասկածելի ծագում ունեցող լրատվամիջոցները։

Եթե Ալիևի պարագայում ամեն ինչ պարզ է, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ հակահետախուզության մարմինների լռությունն ու անգործությունը՝ ազդեցության գործակալներին բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ։

Հայկական բանակը, լինելով Հայաստանի ամենակայացած ազգային ինստիտուտը, արդեն երեք տասնամյակ երաշխավորում ու պաշտպանում է Հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այն ծակող փշի պես մնացել է նրանց կոկորդում, ուստի նրանք ջանք ու եռանդ չեն խնայում մեր բանակը թուլացնելու ուղղությամբ։

Մեր քաղաքացիները պետք է չափազանց զգոն լինեն և ոչ մի պարագայում չտրվեն օտարածին մանիպուլյացիաներին՝ պահպանելով մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը։

Հ.Գ. Բանակում վերջերս հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը պետք է դառնան ՀՀ իրավապահ մարմինների մանրակրկիտ քննության առարկա՝ հետագայում նման ողբերգական դեպքերը կանխելու, ապա բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով»։

«Արցախի ներկայացուցիչ» ասել` նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահի ևս մեկ գրառում.

«Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:

Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:

«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:

Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:

Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում»:

ՀՀ վարչապետն իր քաղաքական ծննդականով ու ԴՆԹով տերպետրոսյանական միջավայրից է

Փաշինյան–Ալիև մյունխենյան շոուին անդրադարձել է նաև «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը` իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը դահլիճային շոուի մասնակից դարձան։ Այսպես ասած, համատեղ «լայվ» մտան ու նկարվեցին։

Քննարկման մակարդակը «քուչի բազառ» էր հիշեցնում։

Թե ինչ կտա այդ շոուն, դեռ պարզ չէ, բայց այն ինչ տեսանք, գնահատականի կարիք ունի։

Նախ անդրադառնամ կողմերի հոգեբանական պատրաստվածությանը և նրանց «մարմնի լեզվին»։

Ալիևի կեցվածքը, նստելաձևը, պարբերաբար Փաշինյանի ուղղությամբ նետվող քմծիծաղը, իսկ երբեմն նաև անզուսպ ծիծաղը (երբ Փաշինյանը ոգևորված ու հեծանիվ հայտնաբերածի էնտուզիազմով խոսում էր իր միկրո–հեղափոխությունից) տպավորություն էր ստեղծում, որ պատերազմում պարտվող կողմը մենք ենք եղել։

Նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ տվեց ծիծաղել Փաշինյանի խոսքի վրա, ինչն անհարգալից վերաբերմունք էր մեր պետության ղեկավարի, այսինքն՝ մեր պետության նկատմամբ։ Դրա մեղավորը Փաշինյանն է, որ թույլ է տվել իր հետ այդպես վարվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խայտառակ պատկեր է կուլիսային հանդիպումների ժամանակ։ Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա իր տեղը չէր գտնում աթոռի վրա։

Վարչապետն իր մարմնին ու հատկապես վերջույթներին չի տիրապետում։ Դրանք անընդհատ անհանգիստ շարժման մեջ են (մատն անընդհատ քթին տանել, թրաշը քորել, ձեռքերի տեղը «չգտնել» և այլն)։ Լսարանի համար նա պարզապես ծիծաղելի կերպար էր։

Փաշինյանի հայացքը խեղճ էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսերտած աշակերտները (Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում)։

Ի դեպ, չի կարելի կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահել։ Դա վատ, շատ վատ տոնի նշան է։ Պարզ ասած՝ գեղցիություն։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկես ու վերևինը ազատ թողնես կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկես։

Մի խոսքով, ամոթ էր, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին ներկայացնում էր կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը։

  1. Բովանդակային մասով։

Ադրբեջանական կողմն օգտագործում էր տասնամյակներով կրկնվող իրենց բանաձևերը։ Փաշինյանն, ակնհայտորեն, անպատրաստ էր եկել ու զգացվեց, որ բացի իր՝ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեքին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին» դատարկ բանաձևից, այլ բան չունի ասելու։

Փաշինյանը չի տիրապետում առարկային ու դատելով ամենից՝ ցանկություն էլ չունի։ Նա, իրոք, իր սեփական կետից է ուզում ներկայանալ բանակցային գործընթացում, որպեսզի օրիգինալ ու աննախադեպ երևա, բայց իր սեփական կետում զրո միտք ու զրո բովանդակություն կա։

Ալիևը հերթական անգամ բացահայտեց, թե ով է Հայաստանում իրենց սրտի գործընկերը։ Ադրբեջանի նախագահը կողմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, այսինքն՝ այն տարբերակին, որը պաշտպանում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, և որի համար տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Ի դեպ, 1997–ին ՀՀ 1–ին նախագահն ասում էր, որ եթե այդ պահին չհամաձայնենք փուլայինին տարբերակին, ապա հետագայում խնդրելու, բայց չենք ստանալու այն։ Ալիևը Մյունխենում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանը սխալվում էր, քանզի 1997–ից 23 տարի անց էլ Ադրբեջանում կողմ են փուլայինին ու միշտ են կողմ լինելու, որովհետև դա Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվելու ճանապարհային քարտեզն է։

Մի կողմ թողնելով բանախոսների պատմաքարոզչական պարզունակ խոսքերը՝ հարկ է արձանագրել, որ Ալիևի բանակցային պահանջները հերթական անգամ բարձրաձայնվեցին և հերթական անգամ չբարձրաձայնվեցին Փաշինյանի պահանջները։

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմի մեջ, ցանկանում է ադրբեջանցիների վերադարձ Շուշի և այլ բնակավայրեր։ Այդ ամենին Ալիևը համաձայն է հասնել փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Ղարաբաղում և այլն։

Փաշինյանն Ալիևի բազեական ֆոնին փորձում է խաղաղության աղավնու դերում հանդես գալ, որպեսզի դրսի աչքերում ավելի լավը երևա, բայց դա անիմաստ ու վտանգավոր զբաղմունք է, այն էլ՝ Մյունխենում։

Գորբաչովն էլ էր խաղաղասեր ուզում երևալ՝ Բեռլինի պատի ֆոնին նկարվելով։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենն էլ էր Հիտլերի հետ խաղաղասիրություն խաղում։ Տեսանք, թե ինչ եղավ։ Ինչևէ։

Ալիևն իր խոսքում շեշտեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Փաշինյանը, բնականաբար, «մոռացել» էր իր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, քանզի նա դա ասել էր ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ էմոցիա խլելու համար։ Էմոցիան խլվեց, բայց հետո դա օգտագործվեց մեր դեմ։

Փաշինյանի մոտ հերթական անգամ բացակայում էր՝ «Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը, մինչդեռ հարմար առիթ էր ստեղծվել և կարելի էր հստակեցնել Երևանի դիրքորոշումը։

ՀՀ վարչապետն իր քաղաքական ծննդականով ու ԴՆԹ–ով տերպետրոսյանական միջավայրից է, բայց քանի որ ինքը դոկտրինյոր չէ, պոպուլիստ է և իշխանությունը սիրում է հանուն իշխանության (չկա առաքելություն), ուստի փորձելու է ամեն կերպ իր վրայից գցել պատասխանատվությունը և «պոդստավկա» անել ղարաբաղցիներին։ Սա՛ է նրա ռազմավարությունն ու մարտավարությունը Ղարաբաղի հարցում։ Դա երևաց նաև Մյունխենում։

* * *

Ամփոփում.

Փաշինյան–Ալիև համատեղ շոուն ծանր հոգեբանական տպավորություն թողեց։ Միջազգային լսարանի առաջ կարելի էր գիտելիքներով ու ինքնավստահ կեցվածքով երկրի ղեկավար ունենալ, որն Ալիևին «կպառկեցներ ասֆալտին» և «կծեփեր պատին», սակայն մենք տեսանք «համավոր հարս» դարձած Փաշինյանի իրական կշիռը։

Ալիևին կարելի էր և՛ քաղաքական խոսքով, և՛ ձեռ առնելով տեղը դնել Երևանի ու Ստեփանակերտի մասին նրա արած լակոտական հայտարարությունների համար, բայց քանի որ Փաշինյանի մոտ բացակայում են համապատասխան գիտելիքները, օպերատիվ արձագանքելու կարողությունը և իրական «դուխը», ուստի ստացանք «Տիգրան Մեծին» տղա բերելու պատկեր։

Վտանգավորն այն է, որ Փաշինյանը չի զգում իր ոտաբոբիկությունը։ Բացի այդ՝ կողքից կարծիք լսելու կուլտուրա չունի։

Նիկոլինը միտինգն է։ Քանզի դրա համար պետք են զրո խելք, միլիոն էմոցիա և բարձր դեցիբելներ արձանագրող բղավոցներ։

Մյունխենում միտինգ չստացվեց, քանզի ձևաչափն էր այլ։ Իսկ այլ ձևաչափում Փաշինյանն իրեն վստահ չի զգում. հա՛մ «դուխը» չի հերիքում, հա՛մ գիտելիքը։ Դա է պատճառը, որ ներսում ամբոխի միջոցով առյուծ կտրողը դրսում փափկասուն փիսոյի է վերածվում։ Ալիևի, Մամեդյարովի լկտի պահվածքն ու տիրական քմծիծաղը գալիս է դիմացինի խեղճությունից ու դիլետանտությունից։

Փաշինյանն է մեղավոր, որ իր վրա դրսի լսարանի առաջ ղժժում են ռազմի դաշտից ճողոպրած ժողովրդի առաջնորդները։ Իսկ մենք էլ մեղավոր ենք, որ նմանատիպ իշխանությանը հանդուրժում ենք։

Միջազգային լսարանի առաջ գիտելիքների այդ պաշարով և այդպիսի իմիջով հանդես եկող Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով։ Շա՜տ մեծ»:

Փաշինյանը չարձագանքեց Ալիևի կողմից պատմության նաև այն կեղծմանը, թե ազատագրված 7 շրջաններում երբեք հայեր չեն ապրել

«Անհիմն ու սուտ էր Իլհամ Ալիևի այն պնդումը, որ ազատագրված 7 շրջաններում երբեք հայեր չեն ապրել,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան, ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:- Արցախ-Ղարաբաղը՝ դաշտային ու լեռնային, մինչև 1747 թվականը՝ Ղարաբաղի խանության (1747-1822թթ.) ստեղծումը, թյուրքական, թյուրքաբնակ չի եղել։ Այո, տարբեր դարերում, տարբեր նվաճողական արշավանքների ժամանակ Արցախ թափանցել ու մասնավորապես դաշտային հատվածում մասամբ հաստատվել են որոշակի քանակությամբ իրանական, մոնղոլա-թաթարական, արաբական, կովկասյան, թյուրքական և այլ ծագումով ցեղեր, բայց հազարամյակներով առավելապես միշտ եղել է բնիկ էթնոսով՝ հայերով բնակեցված, անկախ նրանից՝ անկախ են եղել, կախյալ թե կիսանկախ։

Երբ Արցախի անկախ-կիսանկախ Խամսայի մելիքության սիրտը խարդավանքով ու դավադրությամբ թափանցեց սարաջալլու ցեղապետ Փանահը ու Վարանդայի հայ-թուրք խառնածին մելիք Շահնազար 2-րդի դավաճանությամբ տիրեց Շուշիին, այն դարձնելով իր անառիկ հենակետը, իրեն հռչակելով Ղարաբաղի խան՝ սկսում է Վրաստանից, Պարսկաստանից, Շիրվանի ու Գանձակի խանություններից և այլ տեղերից, շահագրգռելով, Արցախ-Ղարաբաղ փոխադրել փյուսյան, կարաչարլի, ջինլի, դեմիրչիհասանլու, ղըզըլհաջիլի, սաֆիքյուրդ, բոյահմեդլի, սահաթլի, քենգերլու, օթուզիքի, քյաբիրլու, իգիրմիդորթ և այլ շատ թափառական թյուրքալեզու ցեղերին։ Այդ պահից սկսում է հատկապես դաշտային Արցախի ժողովրդագրական պատկերը փոխվել՝ ի վնաս հայության։ Դաշտային շատ գավառներում հայությունը նվազեց, իսկ որոշ տեղերում՝ իսպառ անհետացավ։ Սպանվելով կամ գաղթելով։

Ալիևին տեղեկացնեմ, որ Արցախի այսօրվա Հանրապետության բնակչությունը պահում է պատմական հիշողությունն առ այն, որ Արցախի արևելյան սահմանը Պարտավից էլ արևելք էր, անցնում էր Կուր գետով ու նրա մոտակայքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ արքայի կնոջ պատվին անվանակոչված Անահիտի հայտնի աղբյուրը, որից վաղ թե ուշ, եթե այսպես ռազմատենչ շարունակի հոխորտալ նորաստեղծ ու արհեստական՝ ընդամենը 84 տարեկան ադրբեջանցի ժողովրդի քաղաքական ղեկավարությունը՝ իր պապակն է հագեցնելու հայ զինվորականը…»:

Համաշխարհային հանրության առջև Ալիևի ստին ու ապատեղեկատվությանը ՀՀ վարչապետը պետք է հակադարձեր

«Լավ կլիներ, որ համաշխարհային հանրության առջև Ալիևի ստին ու ապատեղեկատվությանը ՀՀ վարչապետը հակադարձեր, որ թեև ճիշտ է՝ Ստեփանակերտից առաջ 18-րդ դարի կեսից, միջինասիական ծագումով և Ատրպատականից Արցախ սողոսկրած սարաջալլու թյուրքական ցեղի առաջնորդ Փանահ խանի կողմից խարդավանքով ստեղծված և 70 տարի տևած Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում այն անվանափոխվել և կոչվում էր Խանքենդի, բայց դրանից մոտ մեկ հազարամյակ առաջ, հայոց Առանշահիկ Վաչագան Բարեպաշտ արքայի ժամանակ, այդ բնակավայրը կոչվում էր Վարարակն,- գրել է  Արթուր Եղիազարյանը:- Ներկայիս Ստեփանակերտի տարածքում էլի գյուղեր են եղել, որոնցից էր օրինակ Սողոմոնաշենը։ Իսկ քաղաքի հիմք հանդիսացած Վարարակն գյուղն այսօր Ստեփանակերտի կազմում Վռակնի թաղամասն է»։

Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար, որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը, Թալիշը ու ապրիլյանը

Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանն իր գրառմամբ անդրադարձել է նաև «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար, որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը, Թալիշը ու ապրիլյանը:

Բա Սերժ Սարգսյանին կարող՞էին պատմության դասեր տալ, Շահումյանից ու Ստեփանակերտից կամ նման քմծիծաղով խոսել:

Բա ինքնորոշում, արցախյան ազատամարտ, գոյապայքար, բա հազարավոր զոհեր էս մասին կլռեր՞ կամ երբևէ լռել է Սերժ Սարգսյանը:

Տիգրան Մեծից էլ նախկին խմբագիրը խոսում է, քանի որ ոչ Շուշին է ազատագրել, ոչ զորք է ղեկավարել, ոչ մարտական ընկեր է կորցրել, ոչ էլ խաբարա էդ ամբողջ դաժան պատմությունից»:

Թշնամու հետ բանակցությունը ոչ КВН է, ոչ էլ մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան

«Տպավորություն. հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք իրենց հանճարեղ են համարում ամեն ինչում,- գրել է ԿԳ նախկին փոխնախարար, դաշնակցական գործիչ Բագրատ Եսայանը:- Բայց երբ քո պահվածքից, խոսքից ու գիտելիքների մակարդակից կախված է վերջին տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ձեռքբերումները, ուղղակի պարտավոր ես նախապատրաստվել, լսել խորհուրդներ ու դիտողություններ։ Թշնամու հետ բանակցությունը ոչ КВН-ա, ոչ էլ մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան։

Հ.Գ. Եթե նույնիսկ կասկածի նշույլ ունես, որ անգլերենով կարողանալու ես ամբողջական և բազմակողմանի պատասխաններ տալ, պետք էր փոխել ֆորմատը, ելույթների լեզուն, կազմակերպել թարգմանություն, ոչ թե կմկմալ ու կիսատ-պռատ արձագանքել շատ վտանգավոր հայտարարություններին»։

Պատրաստեց` Արթուր Հովհաննիսյանը