Շուշիի շրջանային ԱԻ բաժնի աշխատակիցներն այծյամին ազատել են ճաղավանդակից

Այսօր՝ փետրվարի 17-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Շուշիի շրջանային ԱԻ բաժին ահազանգ է ստացվել, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Սոֆյա Հարությունյանը նշել է, որ ահազանգը կատարել են տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցները:

«Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն, որից հետո, ծառայության մշտական տեղակայման վայրում ցուցաբերելով համապատասխան օգնություն, բաց թողել վայրի բնություն»,-ավելացրել է Ս. Հարությունյանը: